Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ աշխատանքներ են իրականացվում և կլինեն նոր բացահայտումներ:
Անդրադառնալով այն դիտարկմանը, թե «Երևան սիթիում» բացահայտումներն այնքան էլ բացահայտում չեն, քանի որ դա տեղի է ունեցել ՊԵԿ-ի հետ պայմանավորվածության արդյունքում՝ ԱԱԾ պետն ասել է. «Պատկերացնում եք չէ, թե ինչքան բաներ կարող են հայտարարել մարդիկ, որոնք այսքան տարիներ գործել են ապօրինի դաշտում»,-հայտնում է Panorama.am-ը:
«350 հոգու մասին հայտարարությունը, որ շահարկվեց, պարզվեց, որ 460 և ավելի է: Այն 11 կազմակերպությունները, որոնք ևս պետք է հրավիրվեն, դրանց մասով այդ թիվը կհասնի 1000-ի կամ ավելի»,-հավելել է նա:
Պատասխանելով ՊԵԿ նախկին նախագահին հարցաքննելու նպատակահարմարության մասին հարցին՝ Արթուր Վանեցյանն ասել է, որ քննությունը ցույց կտա:
Ավելի վաղ, ԱԱԾ-ն բացահայտել էր հարկերի վճարումից խուսափելու նպատակով հայաստանյան խոշորագույն տնտեսվարողներից մեկի՝ «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերության կողմից մշակված և գործունեության ընթացքում տևական ժամանակ կիրառված սխեմա (մեխանիզմ), որի իրագործման համար օգտագործվել են հարյուրավոր քաղաքացիների անվամբ հիմնադրված, փաստացի կեղծ ձեռնարկատիրություն իրականացնող ԱՁ-ներ։ Ընկերությունը, արդյունքում, 8 մլրդ դրամի փոխարեն 800 մլն դրամ է վճարել:
ԱԱԾ-ն հարկերի վճարումից խուսափելու նպատակով կեղծ ձեռնարկատիրություններ հիմնադրած ցանցային առևտրով զբաղվող 11 խոշոր կազմակերպության առաջարկել է ինքնուրույն վերահաշվարկել չվճարված հարկերի չափը և համապատասխան տեղեկություններ տրամադրել նախաքննական մարմնին` վարույթի շրջանակում վնասի հատուցման հարցը լուծելու համար:





