Ստեփանակերտում ծեծի ենթարկված երկու տուժողները հոսպիտալացվել են միջին ծանրության մարմնական վնասվածքներով, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը։
«Երեք ժամ առաջ սոցիալական մեդիայում տարածվել է տեղեկություն ԱՀ ԱԱԾ մի խումբ զինծառայողների կողմից, «կենցաղային հողի վրա», երկու քաղաքացիների Ստեփանակերտում ծեծի ենթարկելու մասին։ Ժամը 3։30-ին այցելել եմ Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն և հերթապահ բժշկից տեղեկացել տուժողների վիճակի մասին։ Ըստ հերթապահ բժշկի՝ երկու տուժողները հոսպիտալացվել են միջին ծանրության մարմնական վնասվածքներով, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,-ասվում է ՄԻՊ գրառման մեջ:
Մելիքյանը հավելել է նաև, որ վիրահատության անհրաժեշտություն չի եղել։
Նա հայտնել է, որ սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ է սկսելու և հանդես կգա հայտարարությամբ։





