AM
7 Հունիս 2018 - 06:27 AMT

Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը շուրջօրյա հերթապահում է՝ վերլուծելով սեյսմիկ ռեժիմը

Սեյսմիկ պաշտպանության ծառայության մասնագետները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում՝ կատարելով սեյսմիկ ռեժիմի վերլուծություն: Այդ մասին ասվում է հունիսի 6-ին ՀՀ-ում գրանցված երկրաշարժի վերաբերյալ ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանի ուղերձում, որն աշխատանքային այցով Մոսկվայում է:

Նա նշել է, որ 24 ժամյա չընդհատվող ռեժիմով հետևում է Հայաստանում արձանագրված երկրաշարժին և հետցնցումներին։ Նշվում է, որ ՀՀ ԱԻՆ սեյսմաբաններն արձանագրել են, որ Սպիտակ քաղաքի մերձակայքում տեղակայված գլխավոր օջախի ցնցումից հետո արձանագրված հետցնցումներն իրենց բալային ուժգնությամբ ավելի թույլ են, ինչը նշանակում է, որ երկրակեղևի ընդերքում կուտակված էներգիան աստիճանաբար դուրս է գալիս և երկրակեղևը հանգստանում է, հայտնում է ԱԻՆ-ը։

«Թեև հասկանալի պատճառներով ցնցումներն անհանգստացրել են մեր հայրենակիցներին, ուզում եմ նշել, որ 4,3 մագնիտուդով երկրաշարժն ուժեղ և ավերիչ չի համարվում։ ՀՀ ԱԻ նախարարությունը հանձինս նախարարի և սեյսմիկ ոլորտի մասնագետների շարունակելու է իրավիճակի շուրջօրյա վերահսկողությունը։ Սիրելի համաքաղաքացիներ, ձեր անվտանգությունը մեր շուրջօրյա աշխատանքի նպատակն է։ Վաղն առավոտյան ես վերադառնում եմ Հայաստան և ժամը 14։30-ին Լոռու մարզպետարանում մասնակցելու եմ խորհրդակցության վերոնշյալ խնդրի վերաբերյալ» ,-ասվում է նախարարի ուղերձում։

Հունիսի 6-ին Հայաստանի հյուսիսում՝ Սպիտակի մերձակայքում, 17:07-ին 4,3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել։Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ:Երկրաշարժը զգացվել է ՀՀ-ում՝ Սպիտակ և Վանաձոր քաղաքներում 5-6 բալ, Գյումրի քաղաքում՝ 3-4 բալ, Երևանում՝ 3 բալ ուժգնությամբ:

9 հետցնցում է գրանցվել: