Հունիսի 5- 7-ը Ավստրիայի Քուվշթայն քաղաքում աշխարհահռչակ Riedel ընկերության հետ համատեղ Հայաստանից մեկնած մասնագետների խումբն ընտրել է հատուկ «Արենի» սորտի համար մշակված գավաթի դիզայնը:
Ընտրության աշխատանքները տևել են 3 օր, նախապես մշակված 11 տարբերակներից առանձնացվել է 3 գավաթ, որոնցից ընտրվել է այն, որը լավագույնս է արտահայտում «Արենի» սորտի համի և փնջի առավելություններն ու յուրահատկությունները:
Գավաթներում փորձարկվել են հայկական գինեգործական ընկերությունների կողմից ստեղծված լավագույն «Արենի» գինիները հայտնում է Հայաստանի խաղողագործության ու գինեգործության հիմնադրամը:
«Գավաթի ստեղծումն իր մեջ կարևոր խորհուրդ ունի. այն մարմնավորելու է հայկական խաղողի հնագույն սորտը, հայ գինեգործության թագը համարվող Արենին: Այս գավաթի ստեղծումը ևս մի քայլ է հայկական գինեգործության հազարամյակների պատմության և ավանդույթների ճանաչելիությունն աշխարհում բարձրացնելու ուղղությամբ»,- նշել է ՀԽԳՀ տնօրեն Զարուհի Մուրադյանը:
Հանրահայտ Riedel ընկերությունն ունի մոտ 300-ամյա պատմություն: 1756 թվականից ի վեր՝ Ռիդլ ընտանիքի արդեն 10-րդ սերունդն է զբաղվում խաղողի առանձին սորտերի համար նախատեսված հատուկ գավաթների արտադրությամբ: Riedel-ը գավաթներ է ստեղծել աշխարհահռչակ այնպիսի սորտերի համար, ինչպիսիք են «Պինո Նուար», «Շարդոնե», «Սիրա» և այլն:





