AM
7 Հունիս 2018 - 08:12 AMT

ԱՆ ղեկավարը հորդորում է բժիշկներին խոսել արատավոր երևույթների մասին անուններ տալով

Որոշ բուժհիմնարկների տնօրեններ (կամ նրանց հանձնարարությամբ տեղակալներ և բաժնի վարիչներ) գումար են շորթում բժիշկներից կամ ամսական կոնկրետ «նալոգ» դնելու, կամ բժիշկների առանց այն էլ ցածր աշխատավարձը հետ պահանջելու միջոցով: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ խնդրելով օգնել նախարարությանը վերջ տալ այդ արատավոր ու հանցավոր երևույթին, որը դեռ առկա է որոշ բուժհիմնարկներում:

Նա նշել է, որ վերջին շրջանում ստանում է անանուն ահազանգեր:

«Հարգելի բժիշկներ, սիրելի գործընկերներ, խնդրում եմ ձեզ օգնեք մեզ վերջ տալ այդ կոնկրետ երևույթին: Խնդրում եմ ձեզ, նման դեպքում նամակ գրել [email protected] հասցեով, բայց միևնույն ժամանակ խիզախություն և համարձակություն ունենալ տալ անուններ` թե ձեր, թե նման քայլերի դիմողների: Հակառակ պարագայում մենք և մեր իրավապահ մարմինները անզոր կլինենք ձեզ օգնելու հարցում:Նման անձինք դեռ չեն գիտակցում, որ Հայաստանը փոխվել է և այդ արատավոր բարքերը տեղ չունեն նոր Հայաստանում: Ձեր օգնությամբ մենք «կհասկացնենք» նրանց դա: Մի վախեցեք, խոսեք: Մենք ձեր կողքին ենք»,-ասվում է նախարարի գրառման մեջ: