AM
7 Հունիս 2018 - 08:48 AMT

Բագրատյան. Հարությունյանի վարչապետության 10 տարում Արցախի տնտեսությունն աճել 167%-ով

Արայիկ Հարությունյանի վարչապետության 10 լիարժեք տարիների ընթացքում (2008-2017թթ) նրա անմիջական ջանքերով և Բակո Սահակյանի ղեկավարությամբ Արցախի տնտեսությունն աճել է 167%-ով (10.94% տարեկան) կամ 2.67 անգամ։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն՝ անդրադառնալով Արցախի պետնախարարի պաշտոնից Արայիկ Հարությունյանի հրաժարականին:

«Հրաժարական է տվել Արայիկ Հարությունյանը, Արցախի հանրապետության պետական նախարարը (2017-2018), 2007-2017թթ վարչապետը։ Լրջագույն պետական գործիչ, ազատամարտիկ, զինվոր, մարդ, քաղաքացի, նախկինում հրաշալի գործարար։ Մենք նաև մոտ ընկերներ ենք։ Չնայած Արցախում վերջին օրերին ծավալված շարժումը նրա դեմ չէր ուղղված, Արայիկը որոշեց հրաժարական տալ։ Թող տեսնեն, որ իշխանությունից չի կառչել»,-ասվում է գրառման մեջ։

Գրառման մեջ Բագրատյանը հիշեցնում է, որ նույն տարիներին՝ 2008-2017թթ., Հայաստանի տնտեսությունն աճել է 25%-ով կամ 1.25 անգամ։

«Տիտանական աշխատանքի շնորհիվ բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով Արցախը վերջապես հասավ և անցավ ՀՀ-ին, իսկ 1 շնչին ընկնող բյուջետային ծախսերով գերազանցում է ՀՀ-ն 1.35 անգամ։ 1988-ին տարբերությունն ավելի քան 2 անգամ էր ի վնաս Արցախի։ Արա Վլադիմիրի շնորհակալություն, եղբայր։ Լավ գործը երբեք աննկատ չի մնում»,-ասվում է գրառման մեջ։

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հունիսի 6-ին աշխատանքից ազատվելու մասին դիմում է ներկայացրել ԱՀ նախագահ Բակո Սահակյանին: