AM
11 Հունիս 2018 - 07:18 AMT

Ալեն Սիմոնյանը Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորագիր է ներկայացրել

ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը երաշխավորագիր է տվել «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու համար։ Այդ մասին պատգամավորը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Քիչ առաջ հանդիպեցի Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Տիգրան Եգորյանի հետ և երաշխավորագիր ստորագրեցի Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու համար»,- ասվում է գրառման մեջ:

Հունիսի 8-ին «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվել էր, այն անցկացվելու է հունիսի 11-ին Վերաքննիչ դատարանում։

Սեֆիլյանը դատապարտվել է 10 տարի 5 ամսվա ազատազրկման: Դատավորն ամբողջությամբ ապացուցված է համարել, որ Սեֆիլյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նախապատրաստել է զանգվածային անկարգություններ` իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով, բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և այլն, հետագայում էլ` արդեն Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ, ապօրինի ձեռք է բերել հրազեն ու ռազմամթերք` նպատակ ունենալով գրավել ռազմավարական նշանակության շենքեր, իշխանություններին պարտադրել ինչ-որ գործողություններ:

Մեղադրող դատախազը Սեֆիլյանի համար պահանջել էր 11 տարվա ազատազրկում` որպես ապացույց վկայակոչելով, օրինակ, «տարաբնույթ սադրիչ ելույթները, կոչերը», որոնցով մարդկանց տրամադրել է «իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված զանգվածային անկարգությունների»: