AM
11 Հունիս 2018 - 07:34 AMT

ԱԺ նախագահ. Մերուժան Սիմոնյանը հրաժարական է տվել

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցությունից պատգամավոր Մերուժան Սիմոնյանը հունիսի 8-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Այդ մասին ասվում է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի տարածած հայտարարության մեջ:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,-ասվում է հայտարարության մեջ, հայտնում է խորհրդարանի մամուլի ծառայությունը:

Մերուժան Սիմոնյանը 2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 12 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: