AM
11 Հունիս 2018 - 08:11 AMT

Վարչապետն ու Աճեմօղլուն տեսակոնֆերանսի ժամանակ քննարկել են ՀՀ զարգացման հեռանկարները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և աշխարհահռչակ տնտեսագետ, պրոֆեսոր Դարոն Աճեմօղլուն տեսակոնֆերանսի շրջանակում քննարկել են Հայաստանի զարգացման հեռանկարները:

Տեսակոնֆերանսին մասնակցել են նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը, ԿԶՆ ինովացիոն լաբի տնօրեն Էրիկ Գյուլազյանը:

Քննարկվել են նաև Աճեմօղլուի հետ համագործակցության հնարավոր ձևաչափերը:

Վարչապետը ներկայացրել է կառավարության առաջիկա ծրագրերն ու առաջնահերթությունները: Տնտեսագետն ընդգծել է, որ ճիշտ ժամանակն է նախաձեռնել և սկսել իրականացնել կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ինստիտուցիոնալ բարեփոխումներ՝ քաղաքական ուղղվածությամբ, արդարադատության, ֆինանսական համակարգերի և ներդրումային միջավայրի բարելավման ոլորտներում, որոնք պետք է լինեն կոնկրետ գործողություններ՝ որոշակի ժամանակահատվածում արդյունքներ արձանագրելու նպատակով, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Դարոն Աճեմօղլուն կարևորել է իշխանության տարբեր ճյուղերում ինստիտոցիոնալ հակակշիռների ճկուն մեխանիզմների ներդրումը, որոնք կերաշխավորեն նախկինում եղած արատավոր երևույթների բացառումը, կառավարության գործելաոճի թափանցիկության բարձրացումը, ինչը թույլ կտա հանրությանն իշխանության գործողությունները պահել մշտադիտարկման մեջ:

«Ներկա կառավարության գործունեության արդյունքում քաղաքացիները զգում են իրենց ներգրավվածությունը քաղաքականության մեջ։ Շատ մարդիկ Հայաստանում այս պահին իսկապես ոգևորված են, իսկապես ուզում են լինել քաղաքականության մաս»,- ասել է Դարոն Աճեմօղլուն:

Տնտեսագետը պատրաստակամություն է հայտնել ցանկացած ձևաչափով աջակցել Հայաստանի կառավարությանը զարգացման, ժողովրդավարացման և բարեփոխումների իրականացման գործում:

Զրուցակիցները պայմանավորվել են առաջիկայում ևս շարունակել քննարկումները վերոհիշյալ հարցերի շուրջ:

Ավելի վաղ, ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստան էր հրավիրել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր, «Ինչու են պետությունները ձախողում» (Why Nations Fail) հիմնարար աշխատության հեղինակ Աճեմօղլուն:

Աճեմօղլուն, անդրադառնալով ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՀՀ հրավերին, իր հերթին ասել էր, որ Հայաստանի ապագայի վերաբերյալ բոլորը պետք է հույսեր ունենան, սակայն պետք է ընդունել, որ կոռումպացված համակարգը բնից արմատախիլ անելը հեշտ չի լինի: