AM
13 Հունիս 2018 - 11:01 AMT

Հունիսի 19-ին ԱԺ արտահերթ կգումարվի. Կուտակայինի հարցը ևս կքննարկվի

Հունիսի 19-ին ժամը 11-ին կգումարվի խորհրդարանի արտահերթ նիստ՝ կառավարության նախաձեռնությամբ և Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ,` նախաձեռնողի սահմանած օրակարգով, հայտնում է ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը:

Արտահերթ նիստի օրակարգում է, ի թիվս այլ հարցերի, նաև «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին հարցի քննարկումը:

Կառավարությունը հունիսի 11-ի նիստում թեժ մթնոլորտում ընդունել է հուլիսի 1-ից պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի անցնելու որոշումը․ Աշխատավարձի 10%-ի ծավալով կուտակային ֆոնդ արվելիք ներդրման 2,5%-ը կվճարի քաղաքացին, 7,5%-ը՝ պետությունը։Նախկինում գործող կարգի համաձայն, համակարգի մասնակիցն ու պետությունն անում էին հավասարաչափ ներդրումներ։

Հունիսի 12-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Մանե Թանդիլյանը հեռանում է աշխատանքի ու սոցիալական ապահովության նախարարի պաշտոնից ու հեռանում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից։ Այս մասին ինքը Թանդիլյանը հայտարարել է ֆեյսնուքյան իր էջում։ Հրաժարականի պատճառը պարտադիր կուտակային կենսաթոշակի համակարգի ներդրման հարցի շուրջ կառավարության հետ անհամաձայնությունն է։