Հունիսի 16-ին ժամը 10.00-ին «Հաղթանակ» զբոսայգում կներկայացվի ՀՀ զինված ուժերում շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողներին հատկացվող սննդամթերքի և իրային միջոցների տեսականին, հայտնում է ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Կկազմակերպվի անկողնային և հանդերձանքի պարագաների, համազգեստի, կոշկեղենի ցուցադրություն և ՀՀ զինված ուժերում պատրաստվող ճաշատեսակների հանրային հյուրասիրություն:
Միջոցառման ընթացքում կներկայացվեն նաև պարտադիր զինծառայողների պարենային և իրային ապահովման չափաքանակների դիդակտիկ նյութեր:
Մայիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Մենք պետք է բացառենք այն իրավիճակը, երբ ԶՈւ ժամկետային զինծառայողների ծնողները նյութական ապահովման գործառույթ կիրականացնեն և ստիպված կլինեն իրենց երեխաներին ապահովել հագուստով, հիգիենիկ պարագաներով և այլն: Այդ թեմայով արդեն զրույց ունեցել ենք ԶՈւ գլխավոր շտաբի հետ և դրա արդյունքներով հայտարարել եմ, որ այդ պրակտիկան համարում ենք ավարտված: Բոլոր այն դեպքերում, երբ ծնողները կանգնած կլինեն նման խնդրի առաջ՝ նրանց կրկին կոչ եմ անում ոչ թե իրականացնել այդ պահանջը, այլ դիմել ԶԼՄ-ներին և վարչապետի աշխատակազմին: Ես ունեմ ԶՈւ ներկայացուցիչների հավաստիացումները, որ մենք այսօր ի վիճակի ենք մեր զինվորներին ապահովել անհրաժեշտ ամեն ինչով, ինչը պետության պարտավորությունն է»:





