Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է, որչեխական տարբեր ընկերություններ հետաքրքրված են Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացմամբ՝ կոնկրետ ոլորտներում: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Միկիսկան ողջունել է ՀՀ նոր իշխանությունների կողմից տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումները և ընդգծել, որ Չեխիան պատրաստ է օժանդակություն ցուցաբերել ՀՀ կառավարությանն իր առաջնահերթությունները կյանքի կոչելու գործում:
Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել ակտիվացնել և ընդլայնել հայ-չեխական կապերը տնտեսության ոլորտում: Գործադիրի ղեկավարը շեշտել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է հայկական շուկա չեխական կապիտալի ներգրավմամբ և հավելել, որ գործադիրը հետևողականորեն գնում է իրական փոփոխությունների, որոնք կերաշխավորեն ներդրումների պաշտպանվածությունը:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել չեխական կողմին ՀՀ կառավարությանն օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամության համար ու անդրադարձել ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:





