AM
22 Հունիս 2018 - 13:52 AMT

Հովհաննիսյան. Պատրաստ ենք ԸՕ փոփոխություններին՝ վարչապետի օրակարգով

Հունիսի 22-ին ՀՀ ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը Վենետիկի հանձնաժողովի 115-րդ լիագումար նիստում հայտարարել է, որ ԱԺ-ն պատրաստ է մասնակցել Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած օրակարգով: Այս մասին հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք ունենք Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու և ընդունելու լավ փորձ` հիմնված բոլոր քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության համաձայնության վրա, որը, ի դեպ, առաջարկվել և ողջունվել է Վենետիկի հանձնաժողովի կողմից, ներկայումս մենք խորհրդարանում ձևավորել ենք այդպիսի ներառական աշխատանքային խումբ: Երկու օր առաջ Ազգային ժողովում բոլոր քաղաքական ուժերը հանդես են եկել հայտարարությամբ` արտահայտելով ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու համար աշխատանքային խումբ ստեղծելու և դրանում ներգրավվելու իրենց պատրաստակամությունը», – ասել է նա:

Արփինե Հովհաննիսյանի խոսքով` նախորդ տարիների համատեղ աշխատանքը կամուրջ է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայուն զարգացման համար, իսկ Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններն ու եզրակացությունները շատ կարևոր են եղել ողովրդավարության ձևավորման գործում:

Ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ձևավորված խորհրդարանական չորս խմբակցության ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի առաջին նիստը տեղի է ունենալու հուլիսի 4-ին՝ սկիզբը ժամը 12:00-ին, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ընտրական օրենսդրության բարեփոխումների համար հանձնաժող կստեղծվի: