ՀՀ ոստիկանության պետի կողմից տրվել է հանձնարարական բարելավել հաշվառման վերաբերյալ տեղեկանքներ տրամադրելու գործընթացը: Այդ մասին ասվում է ոստիկանության հայտարարության մեջ:
Ներկայումս տեղեկատվությունը լրացվում է աշխատակցի կողմից ոչ թե համակարգչով, այլ գրիչով: Այն ժամանակատար է, աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով երբեմն լինում է անընթեռնելի: Բացի այդ, օրենսդրությամբ սահմանված է դրույթ, համաձայն որի` վերը նշված տեղեկանքը տրամադրվում է հաջորդ աշխատանքային օրը: Նշվում է, որ այս ամենի հետ մեկտեղ նոր ուսումնական տարվան ընդառաջ դպրոցներ և նախակրթական ուսումնական հաստատություններ տեղեկանքներ ներկայացնելու պատճառով մի քանի անգամ ծանրաբեռնվում է անձնագրային ծառայությունների աշխատանքը, առաջանում են հերթեր, ընկնում է ծառայության սպասարկման որակը:
Մշակվում է ծրագրային լուծում, համաձայն որի` տեղեկանքը կտրամադրվի անմիջապես բնակչության պետական ռեգիստրից ավտոմատ եղանակով տպագրման միջոցով: Տեղեկանքը հաջորդ աշխատանքային օրվա փոխարեն կտրամադրվի հաշված րոպեների ընթացքում:
Նախատեսվում է, որ լինելու են մի քանի տեղեկանքների ձևեր՝ դիմող անձը որ հասցեում է հաշվառված, կոնկրետ հասցեում ովքեր են հաշվառված, անձը հանված է բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից (ներկայիս տեղեկանքը բովանդակում է այս բոլոր լուծումները, բառերի տակ գրիչով գծեր են քաշվում, ինչն էլ իր հերթին տեղեկանքը դարձնում է խրթին):
«Արդյունքում կունենանք ժամանակակից, ընթեռնելի տեղեկանք, իհարկե այն կշարունակի մնալ որպես խիստ հաշվառման փաստաթուղթ, կունենա հերթական համար, անձնագրային ծառայության կոդով»,-ասվում է հայտարարության մեջ:





