Ամուլսարում ոսկու հանքավայրի շահագործումն իրկանացնող «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցներն ու Վայոց ձորի մի շարք համայնքների բնակիչներ բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ գործադիրից պահանջելով միջոցներ ձեռնարկել բնապահպանների և նրանց աջակցող բնակիչների կողմից մոտ տասն օր դեպի հանքավայր տանող փակ ճանապարհները բացելու և հանքում շինարարական աշխատանքների բնականոն ընթացքն ապահովելու ուղղությամբ:
Բողոքի ակցիայի մասնակիցները նամակ են փոխանցել կառավարության ներկայացուցիչներին՝ հասցեագրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ իրենց խնդրանքը վարչապետին դեպի հանք տանող ճանապարհը բացելհորդորելն է:
Ավելի վաղ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պատասխանել էր Ամուլսարում ոսկու հանքավայրի շահագործումը դադարեցնել պահանջող «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության բաց նամակին՝ անդրադառնալով իր առնչությանը «Լիդիան Ինթերնեյշընըլ» ԲԲԸ-ին: Նամակում նշվում է, որ Սարգսյանն ընդգրկված է եղել «հասարակական հիմունքներով` որպես անկախ անդամ` Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Կարինե Ղազինյանի խնդրանքով, նշյալ ընկերության և Հայաստանի կառավարության հարաբերությունները կարգավորելու նպատակով»:
««Լիդիան ինթերնեյշընըլ» ընկերության տնօրենների խորհրդի կազմում Արմեն Սարգսյանի թեկնածությունն առաջադրել են դեսպան Կարինե Ղազինյանն ու Ameria Capital ընկերության նախագահ Ժոզեֆ Օգորլյանը: Այն հանգամանքը, որ նա խորհրդի կազմում ընդգրկված է եղել հասարակական հիմունքներով՝ անկախ անդամի կարգավիճակով, միջազգային հիմունքների համաձայն, ինքնըստինքյան բացառում է նրա կողմից որևէ շահի հետապնդումը: Նա ազատ է եղել իր կարծիքն արտահայտելու հարցում: Խորհրդի կազմում ընդգրկվելուց հետո մի քանի ամիս անց Արմեն Սարգսյանը նպատակահարմար չի համարել իր հետագա ներկայությունը և դուրս է եկել տնօրենների խորհրդի կազմից: Կորպորատիվ էթիկայից ելնելով՝ պարոն Սարգսյանը չի կարող տրամադրել ընկերության գործունեության վերաբերյալ իր ունեցած տեղեկատվությունը: Բացի այդ՝ տեղեկացնում ենք, որ Արմեն Սարգսյանը կապ չունի Knighsbridge Group ընկերության հետ»,- ասվում է պատասխանում:
Ավելի վաղ, Ջերմուկ քաղաքի, ինչպես նաև հարակից գյուղերի մի խումբ բնակիչներ ու բնապահպաններ շարունակում են փակ պահել Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհները՝ հանքում շինարարական աշխատանքները դադարեցնելու պահանջով: Իրենց հերթին, հունիսի 29-ին, Ջերմուկի, Գնդեվազի, Գորայքի, Սարավանի, Վայքի և Եղեգնաձորի մի շարք բնակիչներ Ամուլսարի հանքի հետ կապված բաց նամակով դիմել էին ՀՀ վարչապետին և կառավարությանը՝ ասելով, որ աջակցում են Ամուլսարում ոսկու հանքավայրի շահագործումն իրկանացնող «Լիդիան Արմենիա» ընկերությանը:
«Լիդիան Արմենիա» ընկերությունն էլ հերքել էր հանքի շահագործման հետևանքով բնապահպանական վտանգների հավանականությունը. ընկերությունից հայտնել էին, որ դիմել են ոստիկանություն, որպեսզի ապահովվի հանքավայրում ազատ տնտեսական գործունեության իրականացումը, ինչպես նաև Ամուլսար տանող ճանապարհներն արգելափակելու ակցիայի չորս կազմակերպչի հանդեպ խուլիգանության հոդվածով քրեական հետապնդում սկսվի:
Ամուլսարի դեպքերին անդրադարձել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ կոչ անելով դադարեցնել անհնազանդության գործողություններն այնտեղ և հավելելով, որ սեղմ ժամկետներում ձևավորվելու է աշխատանքային խումբ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանի գլխավորությամբ:
«Լիդիան-Արմենիա» ընկերությունը ՀՀ-ում շահագործում է Ամուլսարի ոսկու հանքը Ջերմուկի մերձակայքում։ Հանքի շահագործման համար արվելիք ներդրումները կկազմեն մինչև $370 մլն։ Բնապահպանները պահանջում են չշահագործել այն, մասնավորապես, Սևանի ավազանի համար հնարավոր ռիսկերը մատնանշելով։





