AM
3 Հուլիս 2018 - 07:29 AMT

Սոցծառայողները մոտ 15 մլն դրամ են յուրացրել. Քրգործ է հարուցվել

Լոռու մարզպետարանի Ստեփանավանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության աշխատակիցները ապօրինություններ են կատարել՝ յուրացնելով ավելի քան 14,6 մլն դրամ: Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:

Պարզվել է, որ Ստեփանավանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության աշխատակիցներ Խալաթ Ռևազյանը, Գառնիկ Աբովյանը, Արտակ Քալաշյանը և Հրաչյա Սուքիասյանը, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, 2008 թվականից մինչև օրս իրենց սպասարկման տարածքների բնակիչների անուններով, առանց վերջիններիս գիտության, ձևակերպել են տարբեր տեսակի սոցիալական նպաստներ և համակարգ են մուտքագրել իրականությանը չհամապատասխանող բնակության հասցեներ, ամեն ամիս կեղծելով այդ բնակիչների ստորագրությունները և փոստատարներից առձեռն ստանալով այդ գումարները՝ յուրացրել են մոտ 14,6 մլն դրամ:

Խարդախությամբ, առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է քննություն: