AM
5 Հուլիս 2018 - 12:10 AMT

Վրաստանի քաղաքացին քրեական պատասխանատվության կենթարկվի ՀՀ դեսպանին պատանդ վերցնելու կոչի համար

Վրաստանի քաղաքացին քրեական պատասխանատվության կենթարկվի Վրաստանում ՀՀ դեսպանին պատանդ վերցնելու կոչի համար: Այդպիսի կոչ էր հրապարակվել սոցցանցերում 2016-ի ապրիլյան քառոօրյա պատերազմի օրերին:

Ըստ քրգործի նյութերի, ահաբեկչության հրապարակային կոչերի համար մեղադրվողը Վրաստանի քաղաքացի է: Գործը «գաղտնի» կնիքի տակ է, սակայն, ըստ IPN գործակալության, որոշ մանրամասներ հայտնի են դարձել:

Մասնավորապես, ըստ այդ նյութերի, երբ 2016-ին ռազմական գործողություններ սկսվեցին Լեռնային Ղարաբաղում, գործով անցնող անձը Վրաստանում ապրող ադրբեջանցիներին Facebook-ով կոչ էր արել հավաքվել ՀՀ դեսպանատան մոտ: Իր գրառման մեջ նա գրել էր նաև, որ պետք է այրել Հայաստանի դրոշը, ներխուժել դեսպանատուն և պատանդ վերցնել դեսպանին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Կոչի հետևանքով հետագա գործողություններ չեն եղել, սակայն, 2 տարի անց նրա նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել: Վրաստանի իրավապահներն այդ ընթացքում պատասխանի էին սպասում Facebook-ից, որը պետք է հաստատեր, որ նա է այն օգտատերը, որի հանդեպ նախատեսվում է քրեական հետապնդում սկսել: Այդ անձին պաշտոնապես մեղադրանք առաջադրելուց հետո որպես խափանման միջոց է ընտրվել գրավի դիմաց չհեռանալու ստորագրությունը: Ներկայումս դատարանը քննում է գործոը:

2016-ի ապրիլի 2-ի վաղ առավոտյան, Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություն սանձազերծեց Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով: Առճակատումը տևեց 4 օր՝ հետագայում ստանալով Քառօրյա պատերազմ կամ Ապրիլյան պատերազմ անվանումը։ Առավել թեժ մարտեր են ընթացել ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային՝ Հադրութի, և հյուսիսարևելյան՝ Մարտակերտի ուղղություններով։ Ադրբեջանական կողմը լայնածավալ հարձակողական գործողություններում կիրառեց իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները։

Ապրիլի 2-5-ն ընթացած մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմի կորուստները կազմել են 64 զինծառայող, 13 կամավորական, 4 քաղաքացիական անձ (81 կորուստ) և 120-ից ավելի վիրավոր (ևս 9 զինածայող զոհվել էր պատահարների արդյունքում ակտիվ մարտական գործողությունների դադարեցումից հետո, մինչև ապրիլի 13-ը ընկած ժամանակահատվածում, մի քանիսը՝ մահացել էին ավելի ուշ, հոսպիտալներում): Պետդեպի հայտնած տվյալներից հետևում է, որ 81 հայկական զոհերից բացի, մոտ 270 ադրբեջանցի զոհ է եղել: