Հուլիսի 6-ին ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունը «Մարտիկ» հիմնադրամի չարաշահումների կապակցությամբ քրեական գործ է հարուցել: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:
Անահիտ Բախշյանը նաև «Մարտիկ» հիմնադրամի անդամ է, նա մտադիր է դատական կարգով հասնել այդ հիմնադրամի լուծարմանը:
«Կատարելու է նախաքննություն: Ընթացքի մասին կտեղեկացնեմ»,-ասվում է Երևանի ավագանու անդամի գրառման մեջ:
Ըստ կանոնադրության, հիմնադրամի նպատակն է՝ աջակցել ՀՀ զինված ուժերի սպայական կազմի կրթմանն ու վերապատրաստմանը, այդ նպատակի նյութատեխնիկական բազայի հարստացմանը, ռազմական գիտության զարգացմանը:
2017-ին Բախշյանը դիմել էր այն ժամանակվա արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին՝ խնդրելով պարզաբանել, թե ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետերի կողմից «Մարտիկ» հիմնադրամի գործադիր տնօրենի նկատմամբ «Նախազգուշացում» վարչական վերոնշյալ որոշումները շարունակական չկատարելն ի՞նչ հետևանք է ունեցել և ունենալու:
ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետ Ն. Փանոսյանի և Գ. Սարգսյանի կողմից «Մարտիկ» հիմնադրամի գործադիր տնօրեն Ս.Սեդրակյանի նկատմամբ մի քանի անգամ կիրառվել է վարչական տույժ «Նախազգուշացում» (04,12,2006, N7/0104, 18.04.2013թ. N007/13, 16.05.2014թ.,NՎՏ/047/01/14), որով 2013թ.-ին հանձնարարվել է տարեկան հաշվետվությունները շտկել և հրապարակել azdarar.am-ում:





