AM
16 Հուլիս 2018 - 13:01 AMT

Նախարար. ՀՀ-ն պետք է լինի ծխախոտից զերծ երկիր

Հայաստանը պետք է լինի ծխախոտից զերծ՝ մաքուր օդով երկիր: Այսպիսի գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ ծխախոտն է սրտանոթային հիվանդությունների ամենամեծ ռիսկի գործոնը։

«Սրտամկանի ինֆարկտն ու գլխուղեղի ինսուլտը դրանցից ամենավտանգավորներն են։ Եվ մենք այս երկու հիվանդությունների բուժումը ավելի հասանելի դարձնելու հետ մեկտեղ, պետք է նվազեցնենք դրանցով հիվանդացությունը՝ կտրուկ իջեցնելով ծխախոտի օգտագործումը»,-ասվում է գրառման մեջ:

Վերջում նախարարը հավելել է, որ ֆինանսական կողմն էլ իր հերթին պետք է հաշվի առնել:

Ավելի վաղ նախարարը հայտարարել էր, որ մտահոգիչ վիճակագրությունը շտկելու համար պետք են վճռական գործողություններ և քաղաքական կամք: Նրա խոսքով՝ Հայաստանն ունի կառավարության կողմից հաստատված ծխելու դեմ պայքարիռազմավարություն, սակայն մինչ այժմ ձեռնարկված քայլերի արդյունքները, մեղմ ասած, բավարար չեն: Ըստ նրա՝ 2010-2015 թվականների ծխելու դեմ պայքարի պետական ծրագրով նախատեսված էր ամեն տարի երկրում ծխողների թիվը կրճատել 1,5-2%-ով, սակայն 2017-ին ընդունված ռազմավարության մեջ ներառված վիճակագրությունը ցույց է տալիս, որ ծխողների թիվը ոչ միայն չի նվազել, այլև աճել է, իսկ ծխողների շարքում ավելացել են թե կանայք, թե տղամարդիկ:

Ծխախոտի դեմ պայքարի ԱՀԿ Շրջանակային կոնվենցիայի 8-րդ հոդվածը նախատեսում է իրավական պարտավորություններ այն բոլոր երկրների համար, որոնք վավերացրել են այդ կոնվենցիան, կիրարկելու համար ազգային արդյունավետ հակածխախոտային քաղաքականություններ: Հայաստանը վավերացրել է այդ Կոնվենցիան 2004 թվականին: Կոնվենցիան վավերացրել են 181 երկրներ՝ ներկայացնելով աշխարհի բնակչության մոտ 90 տոկոսը: