AM
25 Հուլիս 2018 - 12:16 AMT

Փաստաբան. Մանվել Գրիգորյանի հիվանդությունը անհամատեղելի է կալանքի հետ՝ նա քիմիաթերապիա է ստանում

ԱԺ պատգամավոր, խոշոր չափի հափշտակության և ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանքով կալանքի տակ գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանը խոշտանգման է ենթարկվում: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է նրա փաստաբան Լևոն Բաղդասարյանը։

«Նրա հիվանդությունը անհամատեղելի է կալանքի հետ, և նրա նկատմամբ խոշտանգում է իրականացվում։ Սա դասական խոշտանգման օրինակ է՝ իրենից բխող բոլոր հետևանքներով»,-հայտարարել է փաստաբանը՝ լրագրողներին ներկայացնելով հեղինակավոր բժիշկների կարծիքը Գրիգորյանի հիվանդության մասին, հայտնում է Aysor.am-ը։

Միաժամանակ փաստաբանը նշել է, որ իրավապահները «բավական ուշադիր են» և հնարավորություն են տվել, որ Մանվել Գրիգորյանը կալանավայրում քիմիաթերապիա ու այլ դեղամիջոցներ ընդունի։

«Բայց ես այլ բանի մասին եմ խոսում. նրա նկատմամբ դասական խոշտանգում է իրականացվում, քանի որ եթե բժիշկը գտնում է, որ նա պետք է կալանավայրում չլինի ու բուժումը ստանա հիվանդանոցում, ապա դա աքսիոմա է, ինչպես աքսիոմա է Ա կետից Բ կետն ընկած հեռավորությունը հավասար է Բ կետից Ա կետին», – հայտարարել է փաստաբանը։

Փաստաբանը հրաժարվել է քրեական գործի վերաբերյալ մանրամասներ հայտնել՝ նշելով, որ այն գտնվում է նախաքննության փուլում։

Հունիսի 17-ի երեկոյան ԱԱԾ-ն հրապարակել է Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատանն ու ամառանոցում խուզարկության տեսագրությունը․ մեծ քանակությամբ զենք-զինամթերքից բացի, առգրավվել է հսկայական քանակի բանակին պատկանող գույք ու սնունդ, Ապրիլյան պատերազմի ժամանակ դպրոցականների, եկեղեցու ու քաղաքացիների կողմից բանակ ուղարկած օգնություն, որն օգտագործվել էր Գրիգորյանի կենդանիներին կերակրելու համար, ինչպես նաև՝ բանակին նվիրաբերած ավտոմեքենաներ։Մանվել Գրիգորյանը ձերբակալված է:Ավելի ուշ նա կալանավորվեց:

Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

Ընթերցեք նաև.Լևոն Մնացականյան. Մանվել Գրիգորյանի մոտ գտնված ավտոմեքենաները Արցախի ՊԲ-ինը չեն

ՀՔԾ-ն՝ Մնացականյանի ասածների մասին. Երբևէ չի ասվել, որ Գրիգորյանի մոտ գտնված մեքենաները գրանցված են ՊԲ հաշվեկշռում