ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով ավելի քան 2,3 մլն դրամի չարաշահումներ են բացահայտվել Այնթապի միջնակարգ դպրոցում, պարզվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը, միջոցներ ձեռնարկվել՝ պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ, հայտնում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։
Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ առերևույթ չարաշահումներն արձանագրվել են 2014-2017 թթ.։ Պաշտոնեական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ մտցնելով, պաշտոնեական դիրքի չարաշահում թույլ տալով՝ վատնվել է խոշոր չափի գումար։
Քննությամբ հստակեցվել է առերևույթ չարաշահումներին առնչություն ունեցած անձանց շրջանակը և ձեռք բերված ապացույցների հիման վրա երեք անձի առաջադրվել է մեղադրանք։ Մասնավորապես՝ դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, տնտեսվարին և Նոր Խարբերդի բնակչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով և 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։
Վերջիններս ընդունել են առաջադրված մեղադրանքները և ցուցմունք տվել դեպքի շուրջ։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:





