Արցախի ազատագրված տարածքների մասին սկանդալային հայտարարությամբ հանդես եկած ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանը «ափսոսանք» է հայտնել կատարվածի համար: Նա այդ մասին հայտարարությամբ է հանդես եկել, հայտնում է Yerkir.am-ը:
Հայ Ազգային կոնգրես կուսակցության անդամ Զոյա Թադևոսյանը Արցախի ազատագրված տարածքների վերաբերյալ սկանդալային հայտարարել էր, թե դրանք պետք է վերադարձնել Ադրբեջանին, եթե հիմնախնդրի լուծումը դա է պահանջում։Հայտարարությունը վրդովմունքի ալիք է բարձրացրել Հայաստանում և Արցախում:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Հայցում եմ բոլորիդ ներողամտությունը կապված «Հայելի» ակումբում իմ կողմից անզգույշ արված արտահայտության հետ: Հավատացնում եմ, ես փորձում էին ներկայացնել միայն ու միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահողների պաշտոնական դիրքորոշումը, սակայն ինձ ընդհատում էին՝ խանգարելով ավարտել միտքս: Գրավյալ տարածք ասել եմ, քանի որ իմ մեջ տպավորվել էր Ալ Ջազիրային տրված Սերժ Սարգսյանի հարցազրույցը, որտեղ նա ասում է. «Աղդամը իմ հայրենիքը չէ», Օսկանյանի կողմից ազատագրված տարածքները «օկուպացված» անվանելու դրվագը, ինչպես նաև Կազանյան և Մադրիդյան փաստաթղթերում զետեղված բնութագրերը:
Այս օրերին ավելի խորությամբ ծանոթացա պատմական փաստերին: Այո՛, սխալվել եմ, ազատագրված տարածքները մեր՝ հին հայկական, պապենական հողեր են: Այդ դեպքում ի՞նչպես են մեր երկրի՝ հիմնախնդրի կարգավորման պատասխանատու պաշտոնյաները թույլ տվել այդ մասշտաբի պետական դավաճանություն. Հայրենիքի մեկ մասի կարգավիճակի դիմաց կորցնում ենք մեկ այլ մաս»:
Նա մեկ անգամ ևս ներողություն է խնդրել և ասել, որ ափսոսում է և ցավ է ապրում կատարվածի համար…
«Բոլոր նրանք, ովքեր բանակցել են մեր հայրենիքի՝ արյունով ազատագրված տարածքները բանակցությունների առարկա դարձնելու շուրջ, պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ: Պետք է անմիջապես չեղյալ հայտարարել բոլոր պայմանավորվածությունները, հետ կանչել հայտնի փաստաթղթերը և թույլ տալ երկու հայկական տարածքների ղեկավարներին ձևավորել նոր օրակարգ»,-ասվում է նրա հայտարարության մեջ:
Ընթերցեք նաև.Գեներալ-լենտենանտ Ղարամյան. «Հողերի հանձնման» կեղծ օրակարգի առաջքաշումն անթույլատրելի է





