«Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ Երևանի ավագանու թեկնածուների կազմը Նաիրա Զոհրաբյանի կողմից գլխավորելը էապես նվազեցնում է ընտրություններում կուսակցության հաջողության հնարավորությունները՝ հաշվի առնելով այն, որ նա բացարձակապես չի տիրապետում Երևանի քաղաքային տնտեսության խնդիրներին: Այդ մասին հայտարարություն է տարածել «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ ԲՀԿ-ում կան շատ ավելի արժանավոր և ունակ կադրեր:
«Աղբանոցի մեկօրյա այցը և թունավորված զոհի դիմակ հագնելը դեռ բավարար չէ քաղաքապետ լինելու համար…Միթե՞ խելամիտ կլինի, որ վաղը ես ղեկավարեմ որևէ ծննդատուն կամ պատարագ անցկացնեմ Մայր Աթոռում:
Այո, այսօր ԲՀԿ-ում իրականում կա ներկուսակցական ժողովրդավարության մթնոլորտ, բայց, ցավոք, այն այսօր հանգել է վատագույնին…Ուրացած կլինեմ, եթե չասեմ, որ Ծառուկյանը ոչ մի խնդրի վերջնական լուծում չի տալիս՝ առանց թիմակիցներին լսելու…Բայց սա անակնալ էր…
ԲՀԿ-ում կան շատ ավելի արժանավոր և ունակ կադրեր (հանկարծ ինձ նկատի չունենաք, դա իմ տեղը չէ, իսկ այլ անուններ էլ չեմ տալիս, որ նրանց կրակը չգցեմ), ովքեր անհամեմատ ավելի պիտանի կլինեին Երևանն ի շահ երևանցու ղեկավարելու գործում… Բայց, զոռբա չլինելու հանգամանքը կանխեց նրանց լեգիտիմ ակնկալիքը…
Եվ ահա, պարզվեց, որ իմ հարազատ կուսակցության հարյուր հազարավոր անդամների մեջ միակ մարդը, ով իր կարծիքով, ունակ է զբաղեցնել ցանկացած պաշտոն (անգամ՝ կուսակցության հեղինակությունը գետնելու հաշվին), դարձյալ Նաիրա Զոհրաբյանն է… »,-ասվում է գրառման մեջ:
Գևորգ Պետրոսյանը նշում է, որ Գագիկ Ծառուկյանը եղել և մնում է իր ավագ եղբայրը, մարդ, ով իրեն՝ բանվորի որդուն, առանց որևէ ակնկալիքի, սատարել է իր քաղաքական կյանքում…
«Նա իմ համար իսկապես հարգելի մարդ է, ու ժամանակը դեռ շատ է ակնարկելու նրա անհրաժեշտությունը, բայց, եթե նրա ղեկավարած թիմում առանցքը Նաիրա Զոհրաբյանն է, ես այդտեղ անելիք չունեմ…
Այս ընտրությունը զուրկ է քաղաքական ու քաղաքագիտական պատվանդանից… Մենք իրականում շատ գրագետ և սրտացավ գործընկերներ ունենք… Իսկ ինչու՞ ոչ նրանք, այլ հենց Նաիրա Զոհրաբյանը, ում կյանքի հիմնական իմաստը եղել և մնում է գործընկերների գործեր «խառնելը»…Շնորհակալ եմ իմ քաղաքական ղեկավարին և իմ զուսպ ու նվիրյալ թիմակիցներին…», – ասվում է Պետրոսյանի հայտարարության մեջ:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը, անդրադառնալով իր կուսակցի հայտարարությանը, իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Յուրաքանչյուր ոք պատասխանատու է իր խղճի և իր քայլերի համար, և մեր կողմից որևէ այլ գնահատական չի հնչելու»։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ քաղաքական խորհրդի քարտուղար Նաիրա Զոհրաբյանը կգլխավորի ԲՀԿ Երևանի ավագանու նախընտրական ցուցակը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը:
«Իսկ ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կայացրած որոշմանը, որ Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորելու է ԲՀԿ քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ապա ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստում քվեարկությունը եղել է բաց եւ հրապարակային, եւ ԲՀԿ քաղաքական խորհուրդը միաձայն առաջադրել ու պաշտպանել է Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը։ Կարծում եմ` սրանով ամեն ինչ ասված է։
Մեր քաղաքական թիմը միակամ, համախմբված պատրաստվում է ավագանու առաջիկա ընտրություններին եւ մեկ մարդու կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել»,-ասվում է Էլիզբարյանի գրառման մեջ։





