Ռուսական կողմը ՀՀ պաշտպանության նախարարության առջև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարց չի բարձրացրել: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Յուրի Խաչատուրովին Մարտի 1-ի գործով մեղադրանքն առաջադրվել է սահմանադրական կարգը տապալելու համար։ Նրա նկատմամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց որպես խափանման միջոց, կիրառել 5 մլն դրամ գրավ։
Անդրադառնալով այն հարցին, թե Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար այլ թեկնածու ունի՝ Դավիթ Տոնոյանը պատասխանել է.«Այդ հարցը դեռևս ինձ հետ չի քննարկվել»,հայտնում է Aysor.am-ը:
«Կարծում եմ, որ Հայաստանն ունի ժամկետ և կարծում եմ, որ Հայաստանը պետք է շարունակի իր նախագահությունը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնավարումը»,-հավելել է նախարարը։
Նա նշել է նաև, որ կոլեգիալ որոշում է լինելու՝ կկասեցվի Հայաստանի նախագահությունը ՀԱՊԿ-ում, թե ոչ։
Վերջին օրերին լարվածություն է առաջացել հայ-ռուսական հարաբերություններում, կապված Մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանքներ առաջադրելու հետ: Ըստ «Կոմերսանտի» աղբյուրների ՌԴ պետականա կառույցներում, Մոսկվային հատկապես նյարդայնացրել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ առաջ քաշված մեղադրանքները: Կրեմլում դա լուրջ հարված են համարում ռազմական դաշինքի հեղինակությանը և չեն բացառում, որ ՀԱՊԿ-ը կարող է ղեկավարել մեկ այլ երկրի ներկայացուցիչ:





