ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա ՀակոբյանըԲերդավանումայցելել է Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանիծնողներին: Այդ մասին պատմող տեսանյութը ցուցադրվել է Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» ծրագրում:
Ծնողները չգիտեն, թե ինչպես է որդին հայտնվել Ադրբեջանի տարածքում: Նրանց մտահոգում է այն հանգամանքը, որ ադրբեջանական լրատվամիջոցներն իրենց որդուն որպես դիվերսանտ են ներկայացնում:
1984 թ. ծնված զինծառայող Կարեն Ղազարյանը հուլիսի 15-ին հայտնվել է Ադրբեջանի տարածքում: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդել է, որ հուլիսի 15-ի առավոտյան Ղազախի շրջանի ուղղությամբ ՀՀ ԶՈՒ հետախուզական խմբի ներթափանցման փորձ է կանխվել։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984 թվականին ծնված Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ Զինված ուժերում:
Հակոբյանն ասել է, որ այս պահին ամենակարևորը Կարենի մասին լուր ունենալն է և խոստացել է կապ հաստատել Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչների հետ:
Ղազարյանի ծնողները հայտնել են, որ իրենց արդեն այցելել են Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության, ՄԻՊ գրասենյակի աշխատակիցները: Նրանք ասել են, որ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները իրենց հետ հանդիպմանը խոստացել են կապ հաստատել Կարենի հետ, սակայն դեռ չեն արել:
«Ուղղակի դուք գիտեք, թե ում հետ գործ ունենք»,-ասել է Աննա Հակոբյանը:
Վարչապետի տիկինն ընդգծել է, որ այս պայմաններում Կարեն Ղազարյանի հետ կապ հաստատելու միակ տարբերակը միջազգային ճնշումն է՝ շեշտելով, որ ամեն ինչ ավելի հեշտ կլիներ, եթե Հայաստանի կառավարությունից որևէ բան կախված լիներ:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ հանդիսանալով Գերիների, պատանդների և անհայտ կորածների միջգերատեսչական հանձնաժովի նախագահ, դիմել է ԿԽՄԿ երևանյան գրասենյակ ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի վերադարձի կազմակերպման համար։«ԿԽՄԿ Երևանյան գրասենյակը զգուշացված է Կարեն Ղազարյանի առողջական խնդիրների վերաբերյալ», – հայտարարել է ՀՀ ՊՆ խոսնակը։
ՀՀ ոստիկանությունը նույնպես հերքել է ադրբեջանական կողմի տարածած լուրերը, թե իբր Ղազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ են կասեցրել ու գերեվարել «հայ հետախույզ», 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանին, չեն համապատասխանում իրականությանն ու ապատեղեկատվություն են:





