AM
3 Օգոստոս 2018 - 12:17 AMT

ՌԴ դեսպանը՝ ՀՀ ԱԱԾ պետին. Հայաստանը մեր կարևորագույն ռազմավարական գործընկեր է

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը օգոստոսի 3-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հետ հանդիպմանն ասել է, որ ՌԴ-ի համար Հայաստանը մի շարք ուղղություններով համատեղ գործունեության կարևորագույն ռազմավարական գործընկեր է, հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը:

Հանդիպման սկզբում Վանեցյանը շնորհավորել է Կոպիրկինին՝ դեսպանի պաշտոնում նշանակվելու առթիվ հաջող և արդյունավետ աշխատանք մաղթել նրան: Անդրադառնալով երկու երկրի միջև հաստատված ամուր գործակցությանը՝ Վանեցյանը նշել է, որ այդ բարեկամությունը նպաստում է երկու պետությոան տարբեր գերատեսչությունների փոխգործակցության ամրապնդմանը, իսկ Հայաստանի և Ռուսաստանի հատուկ ծառայությունների միջև գործակցությունը՝ էլ ավելի ամրապնդում արդեն գոյություն ունեցող հարաբերությունները:

Հանդիպման ավարտին երկու կողն էլ պատրաստակամություն են հայտնել շարունակել և առավել սերտացնել ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ու արտաքին հետախուզության ծառայության միջև գործակցությունը՝ մասնագիտական բոլոր ուղղություններով: