AM
8 Օգոստոս 2018 - 07:40 AMT

Գլխավոր դատախազությունը Քոչարյանի համար 45 պատգամավորի միջնորդությունը մերժել է

ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է ՀՀ ԱԺ 45 պատգամավորի՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոփոխելու միջնորդությունը: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Նախաքննության ներկա փուլում պահպանվում են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հիմքերը և անազատության հետ չկապված այլ խափանման միջոցի ընտրությունը դեռևս ի զօրու չէ երաշխավորել մեղադրյալի պատշաճ վարքագծով պայմանավորված քննության անխափան ընթացքը»,- ասաց Արևիկ Խաչատրյանը:

Ավելի վաղ, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հրապարակել է պատգամավորների անունները, որոնք ստորագրել են Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոփոխելու միջնորդության համար ներկայացված երաշխավորության տակ։ Ստոգրահավաքին միացել է նաև ՀՅԴ երեք պատգամավոր:

Ավելի վաղ ՀՔԾ-ն միջնորդություն էր ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի գործով կալանավորելու մասին, ինչը բավարարվել էր։ Նա կալանավորվել է 2 ամսով: Ավելի ուշ, սակայն, նրա փաստաբանները բողոքարկել են կալանավորելու մասին որոշումը։ՀՀ վերաքննիչ դատարանը Ռոբերտ Քոչարյանի գործով վերաքննիչ բողոքը կքննի օգոստոսի 9-ին:

Մարտի 1-ի դեպքերից 10 տարի է անցել: Այդ օրը Երևանում ՀՀ 10 քաղաքացի է զոհվել, վիրավորվել ավելի քան 200 հոգի: