AM
8 Օգոստոս 2018 - 08:16 AMT

Նախագիծ. Մինչև 2020-ը հեռախոսակապի սակագինը կնվազի 2 դրամով

2019 թվականի հուլիսի 1-ից մինչև 2020 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար շարժական ու ամրակցված (ֆիքսված) կապի ցանցերի միջև փոխկապակցման ծառայությունների վճարները կնվազեն 2 դրամով՝ գործող 8,4 դրամից հասնելով 6,4 դրամի (առանց ԱԱՀ-ի): Համապատասխան նախագիծը տեղադրված է իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում:

Նախատեսվում է, որ 2020 թվականից հետո սակագինը կնվազի մինչև 5,4 դրամի (առանց ԱԱՀ-ի):

Հիմնավորման մեջ նշվում է, որ ուսումնասիրությունները ցույց են տվել՝ միջազգային պրակտիկայում, մասնավորապես` եվրոպական երկրներում, շարժական կապի վերջնավորման վճարները նվազել են:

«Մասնավորապես, էլեկտրոնային հաղորդակցության եվրոպական կարգավորողների մարմնի (BEREC) հրապարակած վիճակագրական զեկույցի համաձայն` նշված վճարները եվրոպական երկրներում 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են միջինը 0.97 եվրոցենտ/րոպե (5.6 դրամ/րոպե)։ Ուստի, վերջնավորման վճարների աստիճանական նվազեցման արդյունքում ՀՀ-ում կիրառվող փոխկապակցման ծառայությունների վերջնավորման վճարները համադրելի կլինեն եվրոպական երկրներում կիրառվող վճարների չափերին», – նշված է հիմնավորման մեջ: