ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու միջնորդության մերժումը անհիմն ու չարդարացված որոշում է: Այդ մասին հայտարարել է Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ գնալով հաստատվում է իր այն մտահոգությունը, որ Հայաստանում գործում է «զանգովի» ու «ընտրովի» արդարադատություն, հայտնում է Aysor.am-ը:
Նա ասել է նաև, որ դատախազության նմանատիպ որոշումը սպասելի էր՝ հաշվի առնելով Հատուկ քննչական ծառայության ղեկավարի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված գնահատականը, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ:
«Բայց սպասելի չի նշանակում, որ հիմնավորված է, սա անհիմն ու չարդարացված որոշում է, որտեղ հստակ արհամարհվում է ԱԺ 45 պատգամավորի սոտրագրությունը»,-ասել է նա։
Շարմազանովի խոսքով՝ այն չակերտավոր «հիմնավորումները», որ տվել է ՀՀ գլխավոր դատախազությունը, իր համար հիմնավոր չեն։
«Երբ 2-3 պատգամավորի ստորագրությամբ փոխվում է «Սասնա ծռերի» որոշ ներկայացուցիչների կալանքի միջնորդությունը ու նրանք ազատության մեջ են հայտնվում, իսկ երկրի 2-րդ նախագահը, որը եղել է Արցախի Հանրապետության առաջին նախագահ ու Ազգային հերոս, որը ինքնակամ վերադարձել է արտասահմանից, որպեսզի մասնակցի քննչական գործողություններին, նրա կալանքի տակ մնալը մնում է անփոփոխ, սա տարակուսելի է, սա անհիմն է»,-ասել է Շարմազանովը։
«Ամեն դեպքում, սպասենք դատարանի վաղվա որոշմանը»,- ասել է Շարմազանովը։
Նա նշել է, որ ՀՀԿ-ն կսպասի դատարանի օգոստոսի 9-ին կայացվելիք որոշմանն ու դրանից հետո կքննարկի հետագա գործողությունները։
Նրա խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը ոչ թե իրավական է, այլ՝ քաղաքական։
«ՀՔԾ պետի հայտարարությունները ուղղակի միջամտություն են իրավապահ մարմինների գործունեությանը, և ես կարծում եմ, որ այլևս Հայաստանի Հանրապետությունում մենք ունենում ենք այնպիսի իշխանություն, որը պատրաստ չէ լսել իր կարծիքից տարբերվող քաղաքական գործիչների կարծիքներ, սա է ամենավտանգավորը»,- ասել է Շարմազանովը։
ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է ՀՀ ԱԺ 45 պատգամավորի՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոփոխելու միջնորդությունը:Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Ավելի վաղ ՀՔԾ-ն միջնորդություն էր ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի գործով կալանավորելու մասին, ինչը բավարարվել էր։ Նա կալանավորվել է 2 ամսով: Ավելի ուշ, սակայն, նրա փաստաբանները բողոքարկել են կալանավորելու մասին որոշումը։ՀՀ վերաքննիչ դատարանը Ռոբերտ Քոչարյանի գործով վերաքննիչ բողոքը կքննի օգոստոսի 9-ին:





