AM
8 Օգոստոս 2018 - 13:30 AMT

«Հայ վիրավոր հերոսներ» հիմնադրամը ռազմաբժշկականից բացի պատրաստ է աջակցել նաև այլ ուղղություններով

Օգոստոսի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Հայ վիրավոր հերոսներ» հիմնադրամի նախագահ Ռազմիկ Արզումանյանին։ Հիմնադրամի նախագահը պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացրել է վերջին երկու տարիներին իրականացված աշխատանքները, մասնավորապես՝ հայկական բանակին ցուցաբերված աջակցության մանրամասները։

Ռազմիկ Արզումանյանը պաշտպանության նախարարին տեղեկացրել է, որ ռազմաբժշկականից բացի, հիմնադրամը պատրաստ է աջակցություն ցուցաբերել նաև այլ ուղղություններով՝ զինծառայողների ծառայությունն ու կենցաղն առավել հարմարավետ և անվտանգ դարձնելու համար, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Մի խումբ ամերիկահայերի կողմից ստեղծված հիմնադրամն առաջին բուժօգնության պարագաներ է նվիրաբերում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերին, ինչպես նաև անհրաժեշտ սարքավորումներ տրամադրում ՊՆ ռազմաբժշկական ուսումնական կենտրոնին։

Նախարար Տոնոյանը շնորհակալություն է հայտնել հիմնադրամի՝ բանակի զարգացմանը միտված գործունեության համար և նշել արդեն իսկ ձևավորված արդյունավետ համագործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը։