AM
8 Օգոստոս 2018 - 14:20 AMT

Լոռու մարզի դատախազությունում կոռուպցիոն բնույթի քրգործ է հարուցվել

Երևանում գործող «Ֆրանսիական ուռուցքաբանության ինստիտուտ» կազմակերպության բուժաշխատակից Ա. Փ.-ն ՀՀ Վերահսկիչ պալատում աշխատանքի տեղավորելու պատրվակով Լ. Ս-ից պահանջել և ստացել է խոշոր չափի՝ $500, որը հետագայում հափշտակել է, հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնը:

Նշվում է, որ նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ ուռուցքաբանության ինստիտուտի բուժաշխատակից Ա. Փ.-ն աշխատանքի բերումով ծանոթացել է նույն բուժհաստատությունում բուժվող հիվանդ Ս.Ղ.-ի դստեր՝ Լ. Ս.-ի հետ, տեղեկանալով նրա աշխատանքի տեղավորվելու ցանկություն ունենալու մասին, խարդախությամբ գումար հափշտակելու նպատակով առաջարկել է իր միջնորդական ծառայությունները՝ խոստանալով իր ծանոթ պաշտոնատար անձին $500 գումար կաշառք տալու դիմաց աշխատանքի տեղավորել ՀՀ վերահսկիչ պալատում:

«Սակայն, գիտակցելով իր խոստումը կատարելու անհնարինությունը, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով Լ. Ս.-ին համոզելու, նյութապես շահագրգռելու եղանակով դրդել է խոշոր չափերով կաշառք տալ իր ծանոթ պաշտոնատար անձին, ապա, ստանալով վերջինիս համաձայնությունը, անձամբ ստացել է զգալի չափի՝ 240.750 դրամ գումար, որն օգտագործելով իր անձնական կարիքների համար, խաբեության եղանակով հափշտակել է», – նշվում է դատախազության տարածած հաղորդագրության մեջ:

Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի, 312-րդ հոդվածի 2-րդ մասի, 38-34-312-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ-ին: