AM
21 Օգոստոս 2018 - 06:51 AMT

ՄԻՊ. Անցումային արդարադատությունը ոչ թե կփոխարինի, այլ կօգնի դատական համակարգին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ասել է, որ անցումային արդարադատությունը ոչ թե կփոխարինի, այլ կօգնի դատական համակարգին լուծել փակուղի մտած գործեր, հայտնում է «Հանրային» հեռուսատաընկերությունը:

«Անցումային արդարադատությունը կարելի է «բո-բո» սարքել, կարելի է նաև նորմալ մոդել սարքել», – ասել է Թաթոյանը հավելելով, որ համակարգն այնուամենայնիվ ունի ռիսկեր, և դրա հիմքում պետք է դրված լինեն բացառապես մարդու իրավունքները:

Ավելի վաղ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարել է, որ անցումային արդարադատության վերաբերյալ դեռևս վերջնական դիրքորոշում չունեն:

«Պաշտպանի աշխատակազմում այս պահին համապարփակ ուսումնասիրություն է իրականացնում թեմայի վերաբերյալ։ Միաժամանակ, պետք է նշել, որ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումներում ու զեկույցներում մշտապես բարձրացվել են մարդու իրավունքների լրջագույն խախտումները», – նշվում էր հայտարարության մեջ:

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հայաստանյան դատական համակարգի լրջագույն խնդիրներին, հայտարարել է անցումային արդարադատություն ստեղծելու մասին: