ՀՀ ֆինանսների նախարարությունն առաջարկում է փոխել «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի որոշ կետեր։
Նախարարության նախագիծը հրապարակվել է e-draft.am կայքում։
Փոփոխությունները վերաբերում են տոկոսադրույքներին, կանխավճարին և տարիքային շեմին:
Ըստ նոր խմբագրության առաջարկվում է հիփոթեքային վարկը տրամադրել առնվազն 10 տարի մարման ժամկետով, տարեկան առավելագույնը 9.5 տոկոս տոկոսադրույքով, որից պետության կողմից կսուբսիդավորվեն՝ 2 տոկոսային կետով և 4 տոկոսային կետով համապատասխանաբար Երևանում և ՀՀ մարզերում ձեռք բերվող անշարժ գույքի համար տրամադրվող հիփոթեքային վարկերը:
Առաջարկվում է ամուսինների տարիքային գումարի շեմը դիտարկել ոչ թե 65 տարին, այլ 70-ը։
Առաջարկվում է նաև նվազեցնել կանխավճարի չափը՝ ձեռք բերվող բնակարանի արժեքի առնվազն 30%-ը փոխարինելով 20%-ով։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանիգլխավորությամբ տեղի էր ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են երիտասարդ ընտանիքների և զինծառայողների բնակարանային խնդիրների լուծման հնարավորությունները: Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշել էր, որ առևտրային բանկերի հետ ունեցած բանակցությունների արդյունքներով նախատեսվում է երիտասարդ ընտանիքների համար բնակարանների ձեռքբերման վարկային տոկոսադրույքները նվազեցնել մինչև 7-7,5%:
Որպես օրինակ՝ նշվել էր, որ երիտասարդ ընտանիքի ընդհանուր ամսական չհարկված եկամուտը 450.000 դրամ լինելու պարագայում նշված ծրագրով 20 մլն դրամ արժողությամբ և 70 քմ տարածքով բնակարան ձեռք բերելու դեպքում, 20 տարի մարման ժամկետով և 7-7.5 տոկոս տոկոսադրույքի պայմաններում, վարկի տոկոսագումարն ամբողջությամբ կփոխհատուցվի շահառուի եկամտային հարկից ու վերջինս կմարի միայն մայր գումարը՝ ամսական 65-70 հազար դրամի չափով, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:
«Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը մեկնարկել է 2010 թվականից:





