Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Արմեն Սարգսյանի, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինի հետ և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին, հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Նրանք ծաղիկներ են դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, անհայտ կորած ազատամարտիկների հուշակոթողին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության 27-րդ տարեդարձը: 1991-ի սեպտեմբերի 21-ը դարձավ Հայաստանի Երրորդ հանրապետության ծննդյան օրը: Հայ ժողովուրդը կրկին իրավունք ստացավ ինքնուրույն կառուցելու իր ապագան, լինել իր հողի տերը, վերագտավ վերջին դարերի ընթացքում կորսված պետականությունը, որը մի քանի տարով ձեռք բերեց 1918-ին:





