AM
23 Սեպտեմբեր 2018 - 06:23 AMT

Բաբլոյանն ուներ նախընտրելի թեկնածու, որի օգտին էլ քվեարկել է

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկությունից հետո հայտարարել է, թե քվեարկել է հանուն Երևանի զարգացման։

Այն հարցին, թե ում օգտին է քվեարկել ԱԺ նախագահը՝ Բաբլոյանը պատասխանել է. «Ձեր հարցը կոռեկտ չէ»։ Այն դիտարկմանը, թե ամեն դեպքում ԱԺ նախագահն ունե՞ր նախընտրելի թեկնածու և նրա օգտին էլ քվեարկել է՝ Բաբլոյանն արձագանքել է. «Այո՛, կար, չի կարելի ասել, որ բոլորին դեմ ես քվեարկել», հայտնում է Aysor.am-ը։

Ինչ վերաբերում է ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքին, նա ասել է, որ երբեմն նկատել է դեպքեր, երբ միմյանց վիրավորանքներ են հնչեցրել։

«Հուսով եմ կամաց-կամաց մենք ավելի առաջ կգնանք, և ժողովրդավարությունը ավելի կամրապնդվի», քվեարկություն կատարելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ նախագահը։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե քվեարկելով իրենց դաշինքի օգտին, քվեարկում են երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար՝ Բաբլոյանն ասել է, որ դրանք միմյանց հետ որևէ կապ չունեն։

Սեպտեմբերի 23-ին Երևանում ավագանի են ընտրում։ Ընտրություններին մասնակցում է 12 ուժ՝ 4 դաշինք և 8 կուսակցություն։ Դրանք են ԲՀԿ-ն, «Երևանի հանրությունը», «Երևանցիներ» դաշինքը, «Երկիր ծիրանի», «Ժառանգություն», «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունները, «Իմ քայլը» դաշինքը, «Լույս» դաշինքը, ՀՅԴ-ն, «Հայք հայկազուններ» կուսակցությունը, «Ռեֆորմիստները» և ՕԵԿ-ը: Ընտրական տեսամասերն աշխատելու են 12 ժամ՝ 8։00-ից 20։00-ն: Ոստիկանության վերջնական տվյալներով, քվեի իրավունք ունի 848,343 երևանցի։

Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո մի քանի քաղաքացիական նախաձեռնություն պահանջում էին Երևանի 11-րդ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Ինքը՝ Մարգարյանը, հայտարարում էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ, սակայն հուլիսի 9-ին լքեց քաղաքապետի աթոռը, որ զբաղեցնում էր 2011 թվականի նոյեմբերից: