Ավագանու սեպտեմբերի 23-ի ընտրությունները մյուսներից տարբերվելու են նրանով, որ արտահայտելու են ժողովրդի կամքը: Այդ մասին ընտրատեղամաս մտնելուց առաջ լրագրողներին է ասել ԱԱԾ տնօրեն, ՀՖՖ ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը:
«Ժողովրդին տրված քվեով ընտրվելու է քաղաքապետ, ու որևէ մեկի մոտ ընտրության վերաբերյալ կասկած չի լինելու», – նշել է Վանեցյանը, հայտնում է Aysor.am-ը:
Անդրադառնալով ԲՀԿ գրասենյակներից մեկում երեկ տեղի ունեցած ստուգումներին ու ընտրախախտումների մասին հաղորդումներին՝ Վանեցյանը նշել է, որ բոլոր օրենք խախտողները կկրեն համապատասխան պատիժ:
«Հավատացած եղեք, եթե ԱԱԾ-ն ստանա որևէ ահազանգ, որը հիմք կտա իրականացնել համապատասխան միջոցառումներ և մարդկանց օրենքի շրջանակներում պատասխանատվության ենթարկել, մենք դա կանենք առանց մի րոպե մտածելու և հապաղելու: Հավաստիացնում եմ՝ կապ չունի դա կլինի այս կամ այն թեկնածուն, թե քաղաքական ուժի կողնակիցները, եթե կլինի մարդկանց խումբ, որը կխախտի օրենքը, կկրի պատիժ», – նշել է Վանեցյանը:
Սեպտեմբերի 22-ին, ոստիկանությունը, ընտրակաշառք բաժանելու մասին տեղեկության հիման վրա խուզարկել է ԲՀԿ շտաբերից մեկն Աջափնյակում։ Կուսակցության թեկնածու Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է սուտ մատնության մասին, պահանջելով ոստիկանապետ Վալերի Օսիպյանից պարզել դրա հեղինակին։ Նա նաև ասել է, որ դիմել է ԵՄ դեսպաններին՝ տեղեկացնելով, ԲՀԿ-ի հետապնդման մասին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավագանու ընտրություններին իր քվեարկությունը կատարելուց հետո հայտարարել է, որ Սեպտեմբերի 22-ին՝ Երևանի ավագանու ընտրություններին նախորդող լռության օրվա ընթացքում ոստիկանության գործողությունները ԲՀԿ շտաբերից մեկում եղել են հիմնավորված։





