AM
4 Հոկտեմբեր 2018 - 09:52 AMT

Ծառուկյանը կհանդիպի ԲՀԿ քաղաքական թիմի հետ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հոկտեմբերի 4-ի երեկոյան հանդիպում կունենա ԲՀԿ քաղաքական թիմի անդամների հետ՝ տեղեկանալու վերջին քվեարկության և դրան հաջորդած իրադարձությունների մասին: Այդ մասին հայտարարել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն իր ֆեյսբուքյան էջում։

Նա հայտնել է, որ Գագիկ Ծառուկյանն արդեն մեկ շաբաթ է մասնավոր այցով գտնվում է արտերկրում և վերադառնում է հոկտեմբերի 4-ին:

Տոնոյանը բացարձակ ապատեղեկատվություն է որակել մամուլում տեղ գտած լուրը, ըստ որի Գագիկ Ծառուկյանը Հայաստանում է, սակայն դիրքորոշում չի հայտնել վերջին քաղաքական իրադարձությունների վերաբերյալ։ «Պաշտոնապես ևս մեկ անգամ նշում եմ, որ դա բացարձակ ապատեղեկատվություն է»,-ասվում է գրառման մեջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները կողմ են քվեարկել ՀՀԿ-ական պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Վահրամ Բաղդասարյանի, Անդրանիկ Հարությունյանի հեղինակած «ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Դրանից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած հանրահաավքում հայտարարեց, որ ազատում է պաշտոններից բոլոր ԲՀԿ-ական ու ՀՅԴ-ական նախարարներին ու մարզպետներին։