Հոկտեմբերի 6-ին սպանվել է նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարո): Երևանի Նորք-Մարաշ շրջանում գտնվող «Այգի» ռեստորանային համալիրում ժամը 22:40-ի սահմաններում հնչած կրակոցների հետևանքով՝ նախկին պատգամվորը Էրեբունի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Նույն ռեստորանային համալիրից ՝ հրազենային վնասվածքով «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Սարգիս Ավագյանը, որին վիրահատել են:
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժինում հարուցվել է քրեական գործ՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի սպանության դեպքի առթիվ։
Դեպքի վերաբերյալ ահազանգից անմիջապես հետո մեկնել է քննչական-օպերատիվ խումբը, ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ:
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի սպանության մեջ կասկածվում է ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ):
Ըստ Aysor.am-ի տեղեկությունների, երկու նախկին գործընկերների մեջ գույքային վեճ է եղել։ Վեճը հարթելու համար նրանք հանդիպել են Նորք-Մարաշում գտնվող «Այգիներ» ռեստորանային համալիրում։ Հանդիպմանը եղել է նաև երրորդ կողմ, որը, ենթադրվում է, պետք է կարգավորեր ծագած վեճը։
Հարություն Ղարագյոզյանին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում։
Հոկտեմբերի 7-ին հայտնաբերվել է ՀՀ Աժ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի՝ Կարամելի Հարութի դին՝ հրազենային վնասվածքով: Տեղեկությունը հաստատել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը, հայտնում է «Հայկական ժամանակը»:
Նախնական տեղեկություններով, տեղի ունեցածը ինքնասպանություն է:





