AM
8 Հոկտեմբեր 2018 - 08:27 AMT

Փաշինյանն ու Ծառուկյանը կհանդիպեն. Հնարավոր է հանդիպում նաև ՀՅԴ-ի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հանդիպելու են, «կա ընդհանուր ըմբռնում»: Այս մասին հայտարարել է ինքը՝ վարչապետը լրագրողների հետ զրույցում:

Փաշինյանն ասել է, որ երեկ՝ հոկտեմբերի 7-ին, կայացել է ոչ պաշտոնական հանդիպում, այսօր՝ հոկտեմբերի 8-ին նախատեսվում է պաշտոնական հանդիպումը:

Փաշինյանը նշել է, որ Գագիկ Ծառուկյանն իր հարցազրույցում պաշտպանել է դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարը:

«Ես պատրաստվում եմ նաև այդ հարցազրույցի արդյունքներով հանդիպել պարոն Ծառուկյանի հետ, որպեսզի մենք իրավիճակի և հանգուցալուծման սցենարների վերաբերյալ պատկերացումները քննարկենք», – ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը չի բացառել, որ հնարավոր է հանդիպի ՀՅԴ-ի ներկայացուցիչների հետ: Նա հաղորդել է, որ Փարիզում հանդիպել է կուսակցության սփյուռքի կառույցների հետ:

Ընթերցեք նաև՝ «ԱԺ-ում կոնսենսուսի պարագայում ՀՅԴ-ն դեմ չի լինի դեկտեմբերին արտահերթ ընտրություններին»:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը «Ուրվագիծ» հաղորդման եթերում անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ընթացիկ տարվա դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշմանը, հայտարարել է, որ եթե «ժողովուրդն ուզում է, որ ընտրությունները լինեն դեկտեմբերին, իր ուժն էլ է ուզում»:

«Ծառուկյան» և «Հ. Յ. Դաշնակցություն» խմբակցությունների պատգամավորները կողմ են քվեարկել ՀՀԿ-ական պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Վահրամ Բաղդասարյանի, Անդրանիկ Հարությունյանի հեղինակած «ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Դրանից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած հանրահաավքում հայտարարել է, որ ազատում է պաշտոններից բոլոր ԲՀԿ-ական ու ՀՅԴ-ական նախարարներին ու մարզպետներին։