Կա բարիկադներ կառուցելու ժամանակը և կա բարիկադներն ապամոնտաժելու ժամանակը, հիմա սկսվել է ապամոնտաժելու ժամանակը: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողների այն դիտարկմանը՝ թե Հունան Պողոսյանի՝ Սյունիքի մարզպետ նշանակելը սյունեցիների մոտ զայրույթ է առաջացրել։
«Այստեղ Հունան Պողոսյանի անձի խնդիրը չէ, այստեղ քաղաքական ուղերձի խնդիրն է, և այդ ուղերձն այն է, որ մենք «մերոնքականների» և «ձերոնքականների» չենք բաժանելու»,- ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը, հայտնում է Panorama.am-ը:
«ՀՀ-ում անթերի մարդիկ չկան, ես չեմ հիշում որևէ նշանակում, որն ինչ-որ բացասական արձագանքի չարժանանա՝ մեկը երիտասարդ է, մեկը շատ տարիքով է, մյուսը բոյով է, մյուսը՝ ոչ այդքան, անթերի մարդիկ չկան ու անթերի նշանակումներ չեն լինելու։ Խնդիրը հետևյալն է՝ պետք է շատ հստակ ուղերձներ հղենք, որ մենք պատրաստվում ենք համախմբել ողջ ներուժը։ Հիմա խոսվում է, այս պաշտոնյան սա է արել, մյուսը՝ նա է արել, ով ինչ արել է իր արածաի համար պատասխան կտա, կապ չունի պաշտոնյա է, թե ոչ։ Անցել են այն ժամանակները, երբ պաշտոնյա լինելը նշանակում էր արտոնություն օրենքի առաջ ունեցած հավասարության իմաստով»,- նշել է Փաշինյանը։
Նա հիշեցրել է, որ Ֆելիքս Ցոլակյանի նշանակման դեպքում էլ բացասական արձագանքներ եղան։
Հարցին՝ թե ապագա կառավարությունում հնարավոր է նաև «Հանրապետական» խմբակցության անդամ լինի, նա պատասխանել է. «Տեսականորեն, այո, իհարկե հնարավոր է։ Մենք մարդուն չենք ասում, որ եթե ՀՀԿ անդամ ես կամ եղել ես, չի լինի։ Ինչի մինչև հիմա ՀՀԿ անդամներ մեր իշխանության կազմում չե՞ն եղել։ Փոխնախարարներ են եղել, ովքեր ՀՀԿ անդամ են»։
Հոկտեմբերի 16-ին Սյունիքի մարզի բնակիչները փակել էին ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ բողոքելով Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու կառավարության որոշման դեմ:Նրանք պահանջում էին կառավարությունից վերանայել որոշումը:
Փաշինյանը կառավարության նիստում ասել էր.«Մենք ՀՀ-ում չպետք է թույլ տանք, որ զարգանա այնպիսի մի երևույթ, որը պայմանականորեն կարող է կոչվել «քաղաքական ռասիզմ», երբ մարդիկ ենթարկվում են հետապնդումների, միայն այն բանի համար, որ նախկին իշխանությունների օրոք պաշտոնավարել են: Գալիս է լիարժեք համախմբման ժամանակը»:





