AM
26 Հոկտեմբեր 2018 - 09:16 AMT

Էնֆիաջյան. ԲՀԿ-ում բոլորն ուզում են՝ Ծառուկյանը գլխավորի նախընտրական ցուցակը

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ամբողջ քաղաքական թիմը կարծում է՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակը կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը պետք է գլխավորի:

Էնֆիաջյանի խոսքով՝ քաղաքական ուժը պաքարելու է առավելագույն ձայներ ստանալու համար: Ըստ պատգամավորի, խմբակցությունը մեծ կադրային ներուժ ու հավակնություններ ունի, սակայն «որոշողը ժողովուրդն է»:

Անդրադառնալով խմբակցության ղեկավար Ծառուկյանի բացակայություններին ԱԺ նիստերից, պատգամավորն ասել է, որ «բոլորը հարգելի են»:

Ավելի վաղ ԱԺ «Հ. Յ. Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ՀՅԴ-ն արտահերթ խորհրդարանական ընտրություններին դաշինքով չի մասնակցելու:

Հոկտեմբերի 24-ին խորհրդարանը չի ընտրել վարչապետ: Եվս մեկ անգամ վարչապետ չընտրելու դեպքում, այն կարձակվի օրենքի ուժով, և դեկտեմբերին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: