AM
1 Նոյեմբեր 2018 - 07:57 AMT

Երևանի նոր ՋԷԿ-ի մասով էլէներգիայի գնի վրա դրական ազդող համաձայնություն կա

Կառավարության նոյեմբերի 1-ի նիստում հաստատվել է Երևանում 250 ՄՎտ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայանի նախագծի վերաբերյալ փոփոխված համաձայնագրին հավանություն տալու մասին որոշման նախագիծը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հարցը նոր կառավարության ձևավորման օրվանից ամենաակտիվ բանակցվող և բարդ թեմաներից է եղել:

«Հայաստանը կարիք ունի նոր գազատուրբինային կայանի, տարընթերցումն այն էր, թե որտեղ պետք է կառուցվի այդ կայանը: Ես այլ առարկություն այդ թեմայի վերաբերյալ չեմ լսել: Գնի հետ կապված մենք խնդիր ունեինք, կարծում էինք, որ առաջարկվող գինը չափազանցված է, և բանակցությունների արդյունքում այդ գինը նվազեց: Տվյալ դեպքում մենք հասել ենք սակագնի, որը դրական ազդեցություն կունենա մեր էլեկտրաէներգիայի սակագնի վրա»,- ասել է նա՝ հավելելով, որ այս ծրագրի իրագործումը դրական ուղերձ կլինի միջազգային ներդրողների համար:

Արդարադատության նախարարի պաշտոնակատարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ կայանի կառուցումը կապահովի անհրաժեշտ հզորության պահուստ սեզոնային բնույթ կրող ներքին սպառման աճի և միջհամակարգային կապերով հաղորդվող հզորությունների ապահովման և այլ ռեժիմային իրավիճակների կարգավորման համար, ինչպես նաև վթարային իրավիճակներում համակարգի կայունության ապահովման համար: Նա ասաց, որ ծրագրի իրականացման համար կներդրվի մոտ 250 մլն ԱՄՆ դոլար, շինարարությունը կտևի վեց ամիս, որին կներգրավվի 1000-1200 մարդ:

«Կայանի շահագործման դեպքում մոտ 200-230 բարձր վարձատրությամբ աշխատատեղ կստեղծվի. աշխատակիցներից 50-70-ն արդեն կառուցման ընթացքում կգործուղվի Գերմանիա՝ «Siemens» ընկերությունում վերապատրաստվելու և որակավորում ստանալու համար»,- ասել է նա:

Երևանի ՋԷԿ-ի հարակից տարածքում, նոր ՋԷԿ-ի կառուցման հիմնարկեքի արարողությունը տեղի է ունեցել 2017 թվականի մարտի 20-ին:

«Ռենկո» ընկերության կողմից Երևանի ՋԷԿ-ի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկը (էլէկտրակայանը) պատասխանատուների և մասնագետների հավաստմամբ, նախագծվել է ամենաժամանակակից և որակյալ սարքավորումների ու գիտական փորձի ներդրմամբ, որը երաշխավորում է կայանի բարձր արդյունավետությունն ու անվտանգությունը: Միջոցառման մասնակիցները կայանի կառուցումը կարևոր քայլ են համարել հաջորդ տասնամյակներում Երևանի բնակիչների էներգետիկ ապահովության և բարեկեցության համար: