ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդես է եկել ուղերձով խորհրդարանի արձակման կապակցությամբ՝ չթաքցնելով, որ ափսոսանքով ու մտահոգությամբ է հեռանալու՝ մտածելով, թե արդյո՞ք ավարտին են հասցվելու այն մտահղացումները, որոնք սկսել էի. օրենսդրական նախաձեռնություններ, միջազգային համագործակցություն, խորհրդարանական դիվանագիտություն, կառուցվածքային բարեփոխումներ և այլն: «Հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի»,-ասել է նա:
«Ակնհայտ է, որ Ազգային ժողովի վեցերորդ գումարման պատգամավորական կազմն առանձնացավ իր խոհեմությամբ ու հանդուրժողականությամբ: Դա մեր գործընկերների բարձր պրոֆեսիոնալիզմի, քաղաքական կամքի ու իմաստության արդյունքն էր: Անցած մեկուկես տարին լրիվ բավական էր համոզվելու համար, որ մեր պատգամավորներն ունեն սեփական դիմագիծ և ցանկացած խնդրում մինչև վերջ պաշտպանում են իրենց քաղաքական դիրքորոշումը: Բայց դժվարին պահերին, որոնք անցած ամիսներին քիչ չէին, հաճախ մի կողմ թողնելով կուսակցական շահերն ու տեսակետները՝ բոլորը համախմբվեցին Հայաստանում ու Արցախում կայունության պահպանման գաղափարի շուրջ և երկիրը չտարան նորանոր ցնցումների:
Ուստի, շնորհակալություն եմ հայտնում ՀՀ Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին՝ նման բարձր գիտակցություն ցուցաբերելու համար: և, միաժամանակ, առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում հատկապես ա՛յն պատգամավորներին, ովքեր անկախ հին ու նոր իրողություններից այս ամեն օր փոփոխվող ժամանակներում չդավաճանեցին իրենց սկզբունքներին և որոշումներ ընդունելիս առաջնորդվեցին իրենց խղճի ու ներքին համոզմունքների թելադրանքով: Դրա շնորհիվ էլ այս ամիսներին պահպանվեց ամենակարևորը՝ ներքին ու արտաքին գործընթացների կանխատեսելիությունը, ինչը թույլ տվեց երկրին, ժողովրդին ու բանակը հետ պահել մեծամեծ փորձություններից»,-ասվում է ուղերձում:
Բաբլոյանը նշել է, որ 2017-ի գարնանից ի վեր ստանձնելով խորհրդարանի ղեկավարումը՝ օրենսդիր աշխատանքին զուգընթաց ձեռնամուխ է եղել նաև Ազգային ժողովի աշխատակազմի կառուցվածքի բարեփոխմանը: Իսկ կառուցվածքային բարեփոխումների շրջագծում ամենամեծ ծրագիրն Ազգային ժողովի վերլուծական կենտրոնի ստեղծման նախաձեռնությունն էր: Նպատակն էր ունենալ ընդունված օրենքների արդյունավետության մշտադիտարկման ապահովումը, վերլուծությունն ու գնահատումն իրականացնող, ինչպես նաև ցանկացած ասպարեզում միջազգային օրենսդրական փորձն ու ավանդույթները Հայաստանում կիրառելու հնարավորության վերաբերյալ հիմնավորված առաջարկներ ներկայացնող մարմին: «Լիահույս եմ, որ ապագա խորհրդարանն ու նրա ղեկավարությունը հետամուտ կլինեն այս գրեթե ավարտուն նախաձեռնությունը վերջնականապես կյանքի կոչելուն»,-ասել է նա:
«Ավարտելով խոսքս՝ պարզ ու անկեղծ ասում եմ հետևյալը. իմ կյանքի ուղեկիցը միշտ եղել է պատասխանատվությունը: Այն կրել եմ, երբ պարզապես բժիշկ էի, բժշկական կենտրոնի ղեկավար, առողջապահության նախարար և տասը տարի Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահ, անդավաճան ընկերս` պատասխանատվությունը, կրկին ինձ հետ էր ու վերահսկում էր ինձ: Իսկ որպես Հայաստանի խորհրդարանի նախագահ՝ իմ պատասխանատվությունն ավելի է ընդգծվել:
Ըստ այդմ, երբ արդեն պարզ էր քաղաքական գործընթացների զարգացման տրամաբանությունը, առաջին հայացքից ամենաճիշտ և ընկալելի քայլը, որպես խորհրդարանում ներկայացված ամենամեծ քաղաքական ուժի ներկայացուցիչ` լինելու էր իմ հրաժարականը: Բայց ընդհակառակը: Դարձյալ առաջնորդվել եմ նույն պատասխանատվությամբ, քանի որ կարծել եմ, որ իմ հրաժարականը կարող էր առաջացնել ավելորդ դժվարություններ:Ի դեպ, Ազգային ժողովի յուրաքանչյուր խմբակցություն ուներ ինձ անվստահություն հայտնելու իրավունք: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր խմբակցություններին ցուցաբերած բարձր վստահության համար, ինչը կրկնապատկեց իմ պատասխանատվությունը»,-ասել է Բաբլոյանը՝ ՀՀ 7-րդ գումարման խորհրդարանին մաղթելով օրինաստեղծ արդյունավետ աշխատանք և ամենակարևորը՝ պատասխանատվություն:
Խորհրդարանը վարչապետի հրաժարականից և երկու անգամ վարչապետ չընտրվելուց հետո իրավունքի ուժով սկսում է իր լիազորությունների դադարեցման գործընթացը: Համաձայն ՀՀ Սահմանադրության՝ ներկա խորհրդարանը կգործի մինչև յոթերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը: Համաձայն ՀՀ Սահմանադրության՝ ներկա խորհրդարանը կգործի մինչև յոթերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը:





