AM
2 Նոյեմբեր 2018 - 08:13 AMT

Տավուշում կոռուպցիոն բացահայտումների ցուցանիշն աճել է 6 անգամ

Տավուշի մարզում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ցուցանիշն աճել է 6 անգամ: Տավուշի մարզի դատախազությունն ամփոփել է 2018-ի 9 ամիսներին կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարի արդյունքները՝ գնահատելով դրանք աննախադեպ:

Մարզի վարչական տարածքում նշված ժամանակահատվածում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի վերաբերյալ մարզի քրեական հետապնդման մարմինների կողմից հարուցվել է 42 քրեական գործ: Վերջինս 2017-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավելի է 35-ով: Այսինքն 2018-ի նշված ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ 6 անգամ ավելացել է կոռուպցիոն հանցագործությունների հատկանիշներ պարունակող դեպքերի բացահայտման արդյունավետությունը: Եվս 4 քրեական գործ ստացվել է քրեական հետապնդում իրականացնող այլ մարմնից:

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունները, որոնցով հարուցվել են քրեական գործեր, արձանագրվել են հիմնականում տրանսպորտի, սոցիալական ապահովության և տեղական ինքնակառավարման ոլորտներում: Դրանք մասնավորապես առնչվում են կեղծ փաստաթղթերի հիման վրա աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպմանը, մարզի համայնքների բնակիչների համար նախատեսված աշնանացան ցորենի սերմացուի տրամադրման գործըթնացում մի քանի համայնքների ղեկավարների չարաշահումներին, համայնքային ջրագծերի կառուցման կամ վրանորոգման համար հատկացված գումարների յուրացմանը, համայնքի սեփականություն հանդիսացող գույքը համայնքի ղեկավարի կողմից անձնական կարիքների համար օգտագործելուն, առանց տրանսպորտային միջոցների տեխզննության ոլորտում փաստաթղթերի կեղծմամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություններին, սոցիալական աջակցության նպաստառուներից ապօրինի վարձատրություն ստանալուն, պետական կամ համայնքային կազմակերպություններից տարբեր բնույթի հափշտակություններ կատարելուն, աշխատակիցների բացակայության պայմաններում նրանց աշխատավարձ վճարելուն և այլն:

Նշված քրեական գործերով քրեական հետապնդում է հարուցվել 8 պաշտոնատար անձի նկատմամբ, այդ թվում՝ 6 համայնքի նախկին և ներկա ղեկավարներ, ՀՀ ԿԳՆ մանկապատանեկան հանրապետական կենտրոնի Դիլիջանի հանգրվանի վարիչ, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն, որոնց առաջադրվել են մեղադրանքներ:

Ընդհանուր առմամբ 2018-ի 9 ամիսների ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործություններով ՀՀ պետական բյուջե է վերականգնվել 9.475.000 դրամ գումար, ևս 2.301.000 դրամ գումար վերականգնվել է համայնքային բյուջե: Համեմատության համար՝ 2017-ի առաջին 9 ամիսներին կոռուպցիոն դեպքի առթիվ հարուցված քրեական գործերով ՀՀ պետական բյուջե էր վերականգնվել ընդամենը 1.200.000 դրամ, որը, փաստորեն, 8 անգամ քիչ է այս տարվա նույն ժամանակահատվածում վերականգնված վնասի համեմատ: