Հայաստանի հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով 2013 թվականին ՀՅԴ-ական գործիչ Վահան Հովհաննիսյանի ելույթին, որ առանց իշխանական լծակների ՀՀԿ-ական գործիչներն ընտրությունների ժամանակ «դալաններում ծեծ են ուտելու», ասել է, որ վերջինս «սխալվում էր, ՀՀԿ-ականներին ձայն են տալու», հայտնում է «Հայկական ժամանակը»:
«Վահանն էլ է սխալվում, Սերժ Սարգսյանը նախագահ չէ, բայց Արմեն Աշոտյանը քաղաքական գործիչ է: Դե կտեսնեք, որ ձայն կտան»,- ասել է Շարմազանովը:
2013 թվականին ՀՅԴ-ական գործիչ Վահան Հովհաննիսյանը, ԱԺ-ում դիմելով ՀՀԿ-ականներին, ասել էր, որ եթե չլինի նախագահը, վարչապետը և մյուս լծակները, ապա իրենք չեն ընտրվի:
«Ես ուզում եմ հարց ուղղել պարոն Աշոտյանին, նրա հարևան պարոն Թովմասյանին, մի շարք այլ նախարարների և կառավարության անդամների՝ դուք որ առանձին մի տեղ ձեր թեկնածությունը ընտրությունների ժամանակ դնեք, ձեզ չպաշտպանի ՀՀ նախագահը, Հովիկ Արգամիչը, ՀՀ ոստիկանապետը, դատախազը և հայկական բանակը, դուք քանի՞ ձեն կհավաքեք: Ձեզ էնքան կծեծեն դալաններում, որ ոչ միայն ԱԺ չեք գա, այլ դուք կարտագաղթեք: Տղերք, դուք ոչ մեկդ չեք կարողանա մեր ժողովրդի մեջ մի ձայն հավաքել»,- մասնավորապես, ասել էր Վահան Հովհաննիսյանը:





