Երկրի պաշտպանության հարցերում պետք է համախմբված լինենք: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է պաշտպանության նախկին նախարար, արտահերթ ընտրություններում Հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը:
«Անկախ քաղաքական հայացքներից և կուսակցական պատկանելիությունից պետք է մեր ներդրումը բերենք Զինված ուժերի կայացմանն ու ամրապնդմանը: Ե՛վ որպես պաշտպանության նախկին նախարար, և՛ որպես քաղաքացի միշտ պատրաստ եմ կանգնելու մեր բանակի կողքին և շարքում:Համոզված եմ, որ մեր մարտահրավերները, պաշարների սակավությունը, ժողովրդագրական և աշխարահգրական յուրահատկությունները հաշվի առնելով, ունենք մեկ ճանապարհ` պետք է դառնանք իրական Ազգ-բանակ, ուր յուրաքանչյուր անձ գիտի իր տեղը երկրի պաշտպանության գործում և ունի այդ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ հմտություններ ու փորձ»,-ասվում է գրառման մեջ:
Նա հավելել է նաև, որ ռազմարդյունաբերական համալիրը պետք է դառնա Հայաստանի գիտահեն տնտեսության գլխավոր առանցքներից մեկը:
«Բանակում ժամկետային ծառայությունը պետք է օգնի քաղաքացու կայացմանն ու քաղաքացիական կյանքում նրա ինտեգրմանը: Զինհաշմանդամները և հերոսների ընտանիքները պետք է զգան մեր ողջ հասարակության աջակցությունն ու հոգատարությունը»,-գրել է Վիգեն Սարգսյանը:
Վիգեն Սարգսյանը գլխավորում է ՀՀԿ ցուցակը դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններում:
Նոյեմբերի 11-ին, ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստից հետո, ՀՀ ՊՆ նախկին նախարար, ՀՀԿ նախագահի նորընտիր առաջին տեղակալ Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ն կմասնակցի դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ ԳՄ նիստին մասնակցել է նաև ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն, ինչպես հայտնեց նախկին ՊՆ նախարարը, նա չի մասնակցի առաջիկա ընտրություններին։





