AM
21 Նոյեմբեր 2018 - 07:14 AMT

ՀՀԿ. Փաշինյանը Գեղարքունիք այցի ժամանակ ակնհայտ նախընտրական քարոզչություն էր անում

Հայաստանի Հանրապետական կուսակցությունում (ՀՀԿ) կարծում են, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իրականացրել է նախընտրական քարոզչություն աշխատանքային ժամին` պաշտոնական պարտականությունների կատարում հանդիսացող աշխատանքային այցի շրջանակներում: Այդ մասին ասվում է ՀՀԿ տարածած հայտարարության մեջ Փաշինյանի՝ նոյեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզ կատարած այցի վերաբերյալ։

Հայտարարության մեջ նշված է. «Նոյեմբերի 19-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզ կատարած իր աշխատանքային այցի ժամանակ ակնհայտորեն զբաղվում էր նախընտրական քարոզչությամբ, ինչը միջազգայնորեն ընդունված բոլոր չափանիշներով վարչական ռեսուրսի չարաշահման կոպիտ դրսևորում է»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳԻ և Վենետիկի հանձնաժողովի կողմից 2016-ին հաստատված «Ընտրական գործընթացների ընթացքում վարչական ռեսուրսի չարաշահման արձագանքման և կանխարգելման համատեղ ցուցումների» համաձայն՝ «վարչական ռեսուրսի չարաշահումը» որոշակի կուսակցությունների կամ թեկնածուների կողմից իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելու միջոցով անհիմն առավելություն ստանալն է՝ ընտրությունների արդյունքների վրա ազդելու նպատակով»:

Ասվում է նաև, որ Վենետիկի հանձնաժողովի 2013-ի «Ընտրական գործընթացների ընթացքում վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ» զեկույցը, ինչպես նաև վերոնշյալ համատեղ զեկույցը սահմանում են, որ «Ընտրական գործընթացի տակ պետք է հասկացվի շատ ավելի լայն ժամանակահատված, քան ազգային ընտրական օրենքով նախատեսված նախընտրական քարոզչության շրջանը»: Այն ներառում է նաև կուսակցությունների կամ թեկնածուների գրանցման շրջանը:

«Այդ փաստաթղթերում որպես վարչական ռեսուրսի չարաշահման օրինակներ են նշվում պաշտոնական միջոցառումները քարոզչական նպատակներով օգտագործելը կամ ինստիտուցիոնալ ռեսուրսները օգտագործելը` աշխատակազմ, ենթակառուցվածքներ, և այլն: Նշվում է նաև, որ չի արգելվում աշխատանքային ժամերից դուրս քարոզչություն անելը:

Փաշինյանն իրականացրել է նախընտրական քարոզչություն աշխատանքային ժամին` պաշտոնական պարտականությունների կատարում հանդիսացող աշխատանքային այցի շրջանակներում, ինստիտուցիոնալ բոլոր ռեսուրսների օգտագործմամբ:Կոչ ենք անում վարչապետի պաշտոնակատարին խստորեն պահպանել միջազգային փաստաթղթերով սահմանված կանոնները, բոլոր կողմերի համար ապահովել հավասար հնարավորություններ, ընդ որում` ոչ թե խոսքով այլ գործով»,-ասվում է հայտարարության մեջ:

Նոյեմբերի 11-ին, ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստից հետո, ՀՀ ՊՆ նախկին նախարար, ՀՀԿ նախագահի նորընտիր առաջին տեղակալ Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ն կմասնակցի դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ ԳՄ նիստին մասնակցել է նաև ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն, ինչպես հայտնեց նախկին ՊՆ նախարարը, նա չի մասնակցի առաջիկա ընտրություններին։