Gallup International Аssociation-ի՝ Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ 1111 քաղաքացու մասնակցությամբ անցկացված հարցման արդյունքները:
Հարցվածների 68.3%-ը հայտնել է, որ քվեարկելու է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի օգտին, 6.7%-ը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին, 1.5%-ը` «Հայաստանի Հանրապետական կուսակցության» օգտին, 1,2%-ը՝ «Լուսավոր Հայաստանի», իսկ 1%-ը՝ «Հայ Յեղափոխական Դաշնակցության» օգտին:
Ըստ հարցման՝ մյուս ուժերը չեն հաղթահարի 1%-ի շեմը:
Հարցին դժվարացել է պատասխանել 6.7%-ը, իսկ պատասխանելուց հրաժարվել է 12.7%-ը։
Հարցվածների 52.7%-ը լիովին դրական է վերաբերվում «Իմ քայլը» դաշինքին, 32.9%-ը «ավելի շատ դրական» է վերաբերվում: «Բարգավաճ Հայաստանին» լիովին դրական է վերաբերվում 17.6%-ը, իսկ 49.1%-ը՝ «ավելի շուտ դրական»:
ՀՀԿ-ին դրական է վերաբերվում հարցվածների 2,9%-ը, իսկ 16.5%-ը պատասխանել է «ավելի շուտ բացասական», իսկ 66.3%-ը՝ «բացասական»։
Դեկտեմբերի 9-ին տեղի կունենան ՀՀ-ի պատմության մեջ առաջին արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Պաշտոնապես քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ին և կտևի 12 օր: Դեկտեմբերի 7-ը լռության օր կլինի:





