Ոչ ոք քաղաքական տեսակետներ արտահայտելու իրավունքը սահմանափակելու իրավասություն չունի։ Այդ մասին հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի` Ճամբարակում հնչեցրած այն մտքին, թե Արցախի նախագահ Բակո Սահակյանը պետք է կարգի հրավիրի իր կառավարության անդամներին։
«Սա մեր քաղաքական կյանքը լավ տեղ չի տանելու»,-ասել է նա, հայտնում է «Երկիր Մեդիան»:
Ռուստամյանը հավելել է, որ ոչ ոք իրավունք չունի հայության տարբեր հատվածներին, հատկապես` հայկական երկրորդ հանրապետության պաշտոնական ընտրված իշխանություններին արգելել տեսակետներ հայտնել հայաստանյան քաղաքական իրավիճակի մասին։
«Սա վտանգավոր է, հղի ներազգային պառակտման հասցնելու վտանգով»,- ասել է Ռուստամյանը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ վերջին օրերին իր համար անհասկանալի է Արցախի իշխանությունների ակտիվությունը: Այդ մասին նա խոսել է Ճամբարակում նախընտրական հանդիպման ժամանակ:Նա հորդորել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին «կարգի հրավիրել իր կառավարության անդամներին, որոնք պետք է իրենց աշխատանքով զբաղվեն, ոչ թե մեկնաբանություններով»:





