AM
5 Դեկտեմբեր 2018 - 07:56 AMT

Փաշինյանը մտադիր է Պետերբուրգում պարզաբանում պահանջել Լուկաշենկոյից

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մտադիր է Սանկտ Պետերբուրգում խոսել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ՝ վերջինիս կողմից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը կազմակերպության անդամ չհանդիսացող Ադրբեջանի դեսպանի հետ քննարկելու վերաբերյալ։

Լրագրողների այն հարցին, թե պատրաստվո՞ւմ է պարզաբանում պահանջել Ալեքսանդր Լուկաշենկոյից առաջիկա հանդիպման ընթացքում, թե սպասելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի շուրջ քննարկմանը, Նիկոլ Փաշինյանն արձագանքել է. «Իհարկե, բա տեսնենք, պիտի խոսենք մեր հարցերի մասին, բա հո չե՞նք հետաձգելու», հայտնում է Aysor.am-ը։

Ավելի վաղ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսում Ադրբեջանի դեսպան Լատիֆ Հանդիլովի հետ հանդիպմանը նշել է, որ իրենք պատրաստ են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրել իրենց թեկնածուին, և ինքն այս պահի դրությամբ ունի 3 թեկնածություն։«Փաշինյանը պետք է պարզապես զբաղվի կառավարությունում ստեղծված իրավիճակով։ Հայաստանը գլխավորում է ԵԱՏՄ-ն և ՀԱՊԿ-ը, ինչը շատ մեծ ծանրաբեռնվածություն է անցումային շրջանում գտնվող երկրի համար։ Կկարողանա արդյոք Հայաստանը», – Ադրբեջանի դեսպանին ասել էր Բելառուսի նախագահը։

Ի պատասխան, ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը Բելառուսի նախագահի պահվածքը որակել էր ոչ կոռեկտ, իսկ Նիկոլ Փաշինյանն իր մամուլի ասուլիսի ընթացքում, անդրադառնալով իրավիճակին, ասել էր.«Եղե՞լ է մի դեպք, երբ Բելառուսի նախագահը հրավիրի Հայաստանի դեսպանին ու ասի՝ գիտե՞ք ինչ, մենք բանակցում ենք Ադրբեջանի հետ, եկել են մեզնից զենք են ուզում։ Եղե՞լ է նման իրավիճակ, չի եղել այսպիսի իրավիճակ։ Հետևաբար, այդ զենքը դուք նրանց վաճառում եք, որ իրենք մեր մայրաքաղաքը գրավե՞ն, այսինքն՝ դուք քաջալերում եք մեր մայրաքաղաքի գրավո՞ւմը»։